«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի («FDA Laboratory» LLC) և «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ի («Certification and Quality» LLC) նախաձեռնությամբ փետրվարի 16-ին, տեղի ունեցավ «Սերտ համագործակցություն» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակն էր ամրապնդել գործընկեր կազմակերպությունների հետ համագործացկությունը և շնորհակալություն հայտնել նրանց՝ իրենց կատարած բարեխիղճ և պատասխանատու աշխատանքի և բիզնես մոտեցման համար:
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնք ներկայացուցիչներն էին ՀՀ խոշոր արտադրող և ներմուծող կազմակերպությունների: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2017թ.-ին ծավալած գործունեության արդյունքները: «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի որակի կառավարիչ Ա. Հակոբյանը ներկայացրեց լաբորատորիայի կառուցվածքն, ինչպես նաև դրա առանձնահատկություններն՝ ասելով. «Մեր լաբորատոր համալիրը բաղկացած է 4 լաբորատորիաներից՝ սննդի որակի և անվտանգության փորձարկումների, դեղերի որակի և կենսահամարժեքության փորձարկումների, ծխախոտի փորձարկումների և մանրէաբանական փորձարկումների լաբորատորիաներ:
Յուրաքանչյուր փորձարկման համար կիրառում ենք արդյունքների ստուգման տարբեր եղանակներ, մեթոդներ և փորձարկման հաշվետվությունները տրամադրում ենք միայն այն դեպքում, երբ արդյուքների նկատմամբ ունենում ենք կատարյալ վստահություն»:
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի ևս մեկ կարևոր առավելությունը միջազգային հավատարմագրման առկայությունն է:
«Հայաստանում մենք առաջինն ենք, որ ստացել ենք միջազգային հավատարմագրում՝ ANSI-ASQ National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից, որը նաև ILAC-ի անդամ է, և հավատարմագրումը ստացել ենք ոչ միայն սննդի, ջրի, որոշ ալկոհոլային ըմպելիքների փորձարկումների, այլև ծխախոտի փորձարկումների համար ևս, ինչով էլ որպես միջազգային հավատարմագրում ստացած լաբորատորիա՝ միակն ենք նաև տարածաշրջանում»,- նշեց նա:
Վերջինս ընդգծեց նաև, որ ընկերությունը պատրաստ է գործընկեր կազմակերպությունների հետ առավել սերտ համագործակցության՝ օգնելու հաղթահարել առաջացած խնդիրները:
«Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական գործընթացը, ինչի շնորհիվ էլ կկարողանա դուրս գալ ոչ միայն ՀՀ, ՌԴ շուկաներ, այլև՝ ամերիկյան և եվրոպական»,- ասաց նա:
Նշենք, որ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ իրականցնում է նաև պետական գրանցման գործընթաց և տրամադրում է պետական գրանցման վկայագրեր, ինչպես նաև կատարում է դրա հետ առնչվող բոլոր փորձարկումները:
Լաբորատորիան մեծ ուշադրություն է դարձնում մասնագետների վերապատրաստման գործընթացին: Փորձառու մասնագետները պատրաստ են նաև կիսելու սեփական փորձը և այժմ լաբորատորիայում գործում է դասընթացային ծրագիր, որը հաջողությամբ աշխատում է շուրջ 2 տարի:
Այս մասին առավել մանրամասն խոսեց «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ի որակի կառավարիչ Է. Լոփոյանը՝ նշելով. «Դասընթացներ են իրականացվում մի քանի ուղղություններով: Այս ընթացքում մենք գրանցել ենք 7 փուլ դասընթաց, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը մեկ ամիս է և ունեցել ենք 24 մասնակից, որոնցից մի քանիսն արդեն աշխատում են մեր լաբորատորիայում, իսկ մի մասին էլ ուղղորդել ենք այլ ընկերություններ: Դասընթացները բավականին արդյունավետ են հատկապես ուսանողների համար: Մենք նաև համագործակցում ենք մի շարք առաջատար համալսարանների հետ: Ուսանողներին հրավիրում ենք մեզ մոտ, ծանոթացնում ենք լաբորատորիայի աշխատանքներին, նորագույն սարքերի ընձեռած հնարավորություններին, ինչի շնորհիվ էլ նրանք ձեռք են բերում մեծ փորձառություն՝ սարքերի հետ աշխատելու հմտություններ, նոր գիտելիքներ և այս ամենի արդյունքում դառնում առավել մրցունակ մասնագտներ»:
Ընկերության հիմնադիր տնօրեն Լ. Հակոբյանը ևս կարևորեց արտադրողների, ներմուծողների հետ համագործակցությունը: Դիմելով ներկաներին, վերջինս նշեց. «Կարևոր է հասկանալ, թե ինչի՞ կարիք ունեք դուք, որովհետև մեր խնդիրներից մեկն էլ կայանում է նրանում, որ կարողանանք ինչ-որ կերպ ձեզ օգտակար լինել:
Մեր փորձն այս ոլորտում ավելի մեծ է և եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա մենք պատրաստ ենք զրուցելու, քննարկելու, ելքը գտնելու, և ինչո՞ւ ոչ՝ մենք էլ ձեզանից սովորելու»:
Լ. Հակոբյանը նաև դրական գնահատեց նախորդ՝ 2017թ.-ի գործունեությունը՝ նշելով, որ արձանագրվել են բարձր ցուցանիշներ և 2016թ.-ի նկատմամբ աճ է նկատվել:
Ի նշան սերտ համագործակցության «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի և «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ի կողմից տրվեցին շնորհակալագրեր: Այսպիսով, շնորհակալագրերի արժանացան սննդի (թռչնամսի, ձկան, կաթնամթերքի), դեղագործության, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների և մի շարք այլ ոլորտների ընկերություններ: Գործընկերներից մի քանիսին անակնկալ էր սպասվում՝ սահմանված գումարին համապատասխան՝ անվճար փորձարկում կատարելու կտրոն:
Մասնակիցները նաև շրջայց կատարեցին լաբորատորիայում և ծանոթացան կատարվող աշխատանքների, նորագույն սարքավորումների և լավագույն պատրաստվածություն ունեցող մասնագետների հետ: