Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը
Պարոն Բադասյան, ԱՄՆ հետախուզության զեկույցում մեծ տեղ է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նշվում է, որ 2018-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունները չեն բացառվում։ Ինչպե՞ս եք գնահատում նման հնարավորությունը։
Հարցն այն է, որ Ալիևը՝ որպես Ադրբեջանի նախագահ, պատասխանատու հայտարարություն է արել, որը հայկական կողմը պետք է ընդունի որպես պատերազմի հայտարարություն։ Նրան կարծես չլսելու տվեցին հայ պաշտոնյաները։ Հենց Հայաստանի նախագահի մակարդակով պետք է լիներ պատասխանը, և ոչ միայն պատասխանը, այլ համոզված եմ, որ պետք է գործողություն լիներ, ինչը չարվեց։ Ընդհակառակը, պատասխան եղավ մի քանի մանկլավիկային մակարդակներով, նաև լկտի պատասխաններ եղան։ Նման լուրջ հարցերին նման մակարդակով չեն պատասխանում, որովհետև մենք կարող ենք պատժվել դրա համար։
Դրա պատասխանը, իմ կարծիքով, պետք է լինի բանակի հզորացումը, սպառազինության ավելացումը, տնտեսության, ժողովրդագրական կազմի վրա աշխատելը, Սերժ Սարգսյանը պետք է կատարի իր խոստումը, որ մեկ անձը երկու անգամից ավել իրավունք չունի առաջադրվել երկրի բարձրագույն պաշտոններին։ Նախքան Սահմանադրության ընդունումը նա խոստացել է, որ ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոններին չի հավակնելու։ Հիմա Սերժ Սարգսյանը գնում է հակառակ ուղղությամբ, Ալիևը տեսնում է, որ Հայաստանը քայքայվում է, դատարկվում է, նոր ուժեր չկան, միայն այստեղ բանակն է, որ ինչպես միշտ շարունակում է կատարել իր առաքելությունը, պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը։ Ամեն ինչն աշխատում է ի օգուտ Ալիևի հայտարարության։ Սա է, որ պետք է Հայաստանը և ընդհանրապես հայ ժողովուրդը նկատի ունենան։
Ես չեմ ուզում ասել՝ նկատի ունենա ՀՀ իշխանությունը, որովհետև Հայաստանի իշխանությունն այսօր ամբողջությամբ աշխատում է հօգուտ Ալիևի հայտարարության։ Փաստացի մենք այսօր չունենք արդեն Ազգային ժողով, այդպիսի ինստիտուտն արդեն վերացած է, Հայաստանում չկա իրավական դաշտ, այն վերացված է ուղղակի։ Դրա վառ ապացույցն այն է, որ Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանին դատապարտում են 11 տարի ազատազրկման։ Դատապարտել բառը չակերտների մեջ եմ ասում, որովհետև Սեֆիլյանը կատարած հանցագործություն չունի։ Ժիրայր Սեֆիլյանը, Սամվել Բաբայանը, «Սասնա ծռերի» գրեթե ամբողջ խումբը արցախյան պատերազմի հերոսներ են։ Նրանցից շատերի նկարները դասագրքերում կա և այդ տղաների ոգով և հայրենասիրությամբ դաստիարակվում է մատաղ սերունդը։ Բայց այդ հայրենասիրությունն այսօր բանտում է, ոչ թե մեծարվում է, այլ բռնադատվում։ Նրանց ոչ թե դատում են, այլ նրանց նկատմամբ կատարվում է հաշվեհարդար։ Սա է, որ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի ամբողջ, այսպես կոչված, արդարադատության համակարգն աշխատում է Ալիևի հայտարարության օգտին։ Իլհամ Ալիևը միայն զենքով չէ, որ կարող է գրավել Հայաստանը, որը նա, իմիջիայլոց, գիշեր-ցերեկ ավելացնում է։ Գիշեր-ցերեկ Ադրբեջանի բանակը զինվում է ժամանակակից զենքով։ Սա մեծ հոգս չէ ինձ համար, մեծ հոգսն այն է, որ Հայաստանի Հանրապետության այսպես կոչված իշխանությունները նման հաշվեհարդարներով քանդում են մեր հասարակական համերաշխությունը, քանդում են մեր կարևոր զենքը՝ մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն կոչվածը, բանակում մի շարք քայքայիչ գործողություններ են կատարում, որի փակագծերը ես չեմ ուզում բացել։
Ի՞նչ քայքայիչ գործողությունների մասին է խոսքը։
Այժմ շարունակվում են այդ քայքայիչ գործողությունները բանակում։ Շնորհիվ բանակի առողջ մտածելակերպով սպայական կազմի և գեներալիտետի, մի կերպ ներքին պայքարի գնով բանակը պահվում է։ Բայց սա երկար շարունակվել չի կարող։ Ես, իհարկե, սրանով շատ բան եմ ասում, բայց բոլոր փակագծերը չեմ բացում, ու եթե այսպես շարունակվի, իսկապես, Ալիևը կարող է հայտնվել ոչ միայն Սևանում, այլև Երևանում։ Ալիևին ոչ թե բառերով պետք է պատասխանել, այլ գործողություններով։ Իսկ ո՞րն է գործողությունը, հաշվեհարդա՞ր տեսել սեփական հերոսների նկատմամբ, թե՞ թուլացնել երկրի ներքին լարվածությունը, կայունացնել ներքին վիճակը, կանխել արտագաղթը, հզորացնել տնտեսությունն ու բանակը։ Դա՞ է կարևոր, թե՞ այն, ինչ անում են։ Իհարկե, ես կարծում եմ, որ նրանք սխալ ուղղության վրա են, և մենք բոլորս միասին պետք է ակտիվ կերպով դիմենք նրանց, որպեսզի նրանք գործեն սթափ։
Ընդ որում, այսօր մենք չունենք Սահմանադրություն, այն կեղծված ինչ-որ փաստաթուղթ է։ ԱԺ-ն էլ ուղղակի քուչի հեղինակությունների, քուչի խուժանից կազմված կույտ է միայն։ Տեսեք Երևանի ավագանու մակարդակը, նրանց կազմը։ Այն ուղղակի աղբակույտ է, որը պետք է ղեկավարի՞ մեզ, երբ երկրի սահմանների նկատմամբ ոտնձգություն լինի։ Ոչ, նրանք չեն անի, նրանք պետք է միայն խանգարեն ու ոտնատակ ընկնեն։ Նրանք մեզ խոչընդոտ են։ Տեսեք նրանց պատկերները, տեսեք նրանց ընդունած որոշումները, միթե դա կարելի է համարել մեր ազգին վայել։ Օրինակ, ես ամաչում եմ, կարծում եմ՝ դա մեզ պատիվ չի բերում։
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նույնպես նշել է, որ իրավիճակը պայթյունավտանգ է, և Հայաստանը պատրաստ է ցանկացած զարգացումների։ Փաստորեն իշխանությո՞ւնն էլ արդեն չի թաքցնում դա։
Այո, չի կարելի բացառել ցանկացած զարգացում, ու պայթյունավտանգ իրավիճակն առաջացել է հենց իմ նշած գործընթացների հետևանքով նաև։ Այսինքն՝ Ալիևը հետևելով Հայաստանի ներքին վիճակին, այդ եզրահանգումն ու հայտարարությունն է արել։ Այսինքն Ալիևը նման հայտարարություն անելիս հաշվի է առել Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանական լրատվամիջոցներով էլ անընդհատ նշվում է, որ այսօր կա ամեն օր դատարկվող Հայաստան, թույլ, տրանսֆերտների միջոցով գոյատևող տնտեսություն և այլն։ Նրանք եկել են այն եզրակացության, որ Ալիևի հայտարարությունն իզուր չի եղել։ ԱՄՆ հետախուզական կենտրոնի հայտարարությունը, ես համոզված եմ, զգուշացում է հայ ժողովրդին։ Ոչ թե Հայաստանի պաշտոնական ղեկավարությանը, այլ հայ ժողովրդին։ Այս պայմաններում մենք երկու բան կարող ենք անել. Օրինակ, ես գտնում եմ, որ հանուն հասարակական համերաշխության, մենք կարող ենք դիմել մեր իշխանություններին, ոչ թե քուչի հեղինակությունների մակարդակով, այլ ավանդ ու ներդրում ունեցող մարդկանց հորդորներով պետք է կանխենք այս վատ երևույթները, որ երկրի ներսում չլինի հաշվեհարդար ազգային հերոսների նկատմամբ, որ չլինի տոտալիտարիզմի շարունակությունը, որ չլինի ազգային հարստությունների հափշտակումը, չլինի բանակում ներքին ռեսուրսների գողությունն ու յուրացումը, որ ամեն ինչ լինի հանուն Հայաստանի հզորացման և Հայաստանի քաղաքացիների պաշտպանության։ Ես համոզված եմ, որ այդ դեպքում ամեն ինչ կանցնի և ոչ մի թուրք կամ ազերի չի կարող նման հայտարարության հետևում կանգնել։ Որևէ մեկը չի կարող մեր սահմանները խախտել, հազվադեպ կլինեն նման դեպքերը։ Բայց եթե շարունակվեն այս երևույթները, ես վախենամ, թե Ալիևն իրոք հայտնվի Երևանում։
Սերժ Սարգսյանը խոսում է բանակի արդիականացման մասին։ Կարծում եք՝ այս խոսքերը կմնան խոսքի մակարդակո՞ւմ, թե, այնուամենայնիվ, պահի լրջությունը գիտակցվում է։
Ես կրկնում եմ Սերժ Սարգսյանի ասածը, որ մեկ անձը չի կարող երկու անգամից ավել հավակնել երկրի բարձրագույն իշխանության պաշտոններին։ Բայց եթե առաջինը հենց ինքը հավակնում է դրան, ես իրավունք ունեմ չհավատալու նրա մնացած բոլոր ասածներին։ Երկրորդ, ինչ էլ որ նա անի, ներկայում երկրում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող բերել լիակատար անվտանգության, ինչքան էլ արդիականացնեն բանակը։ Ինչ էլ որ անեն այսպիսի պայմաններում, երբ հասարակական համերաշխությունը խախտված է, երբ ազգային հերոսների նկատմամբ հաշվեհարդար են տեսնում, երբ բացակայում են արդարությունն ու ողջախոհությունը, ժամանակակից զենքի ոչ մի ներդրում չի օգնի, այնպես, ինչպես 1990-ականների սկզբներին, երբ Ադրբեջանը մի քանի անգամ գերազանցում էր մեզ իր զենքի տեսակով, քանակով, զրահատեխնիկայի քանակով, ամեն ինչով, սակայն երբ մեր մեջ կար կազմակերպվածության ուժեղացում և արդարության սկզբունքները մեզ մոտ գերազանցում էին նրանց, նրանք չկարողացան մեզ հաղթել։ Դա էր մեր առավելությունը։ Այժմ մեր Ազգային ժողովի 5 պատգամավորից 4-ը Ադրբեջանի ու Ալիևի բարեկամն է, նկատի ունեմ՝ Ալիևի ջրաղացին ջուր լցնողներն են։ Նրանք իրենց կենսագրությամբ, իրենց վարք ու բարքով, իրենց խելքով, իրենց այդ ճղճիմ մտքերով ոչ թե Ազգային ժողով են, այլ «քուչի զբոռ»։ Նրանք ռեյտինգային ընտրակարգով ընտրվածներ են։ Նրանք ոչ թե օրենքների նախագծեր մշակողներ են, նման ընդունակություն ունեցող, պետական մտածելակերպով քաղաքացիներ են, այլ քուչի հավաքածու։ Մի քանի բացառությունները ոչինչ չեն փոխում։
Նյութի աղբյուրը՝ Lragir.am