Yelaket.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի <<Ելք>> կուսակցությունների դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Պարոն Գորգիսյան, Ձեր կարծիքով ինչու՞ <<Ծառուկյան>> դաշինքը չստորագրեց <<Ելք>>-ի թեկնածու Արտակ Զեյնալյանի թեկնածությանը կողմ, բայց միացավ փետրվարի 16-ին կայացած արտահերթ նիստին:
Նախ թանկացումների դեմ իրենք էլ վաղուց դիրքորոշում էին հայտնել, թեև մեր փողոցային պայքարին չմիացան, բայց նաև այդ փողոցային պայքարի մարդկանց ինչ-որ չափով կոնսոլիդացիայի արդյունքում համաձայնվեցին նաև գնալ արտահերթ նիստին:Նիստը տեղի ունեցավ, քննարկումները եղան, ինչքան էին կառավարության կողմից փաստարկները համոզիչ, դա ուղղակի կթողնեմ քաղաքացիների դատին, որովհետև մեզ համար բացարձակ համոզիչ չէին:
Ըստ Ձեզ՝ ի՞նչ մեթոդով կարելի է կանխել թանկացումը:
Մենք արդեն կոնկրետ օրենքում փոփոխությունների առաջարկ ներկայացրինք, որտեղ հստակ ակցիզային հարկի կասեցում էինք առաջարկում, այսինքն՝ վերադարձ նախկինում գործող դրույքաչափերին ու նաև ավելացած արժեքի հարկի չկիրառում դիզելային վառելիքի վրա, որը շղթայական բերում է ամեն ինչի թանկացման: Բայց այս ամենին զուգահեռ մենք գիտենք մեր երկրում սովորաբար ինչպես է տեղի ունենում: Եթե կա պատճառ-հիմք 5 դրամով ապրանքը թանկացնելու, 15 դրամ թանկանում է, և կոնկրետ տնտեսվարողներն ունենում են գերշահույթներ:
Կարելի է նաև լուրջ պայքար սկսել այս գերշահույթ ստացողների դեմ, բայց դա պատկան մարմինները պետք է անեն: Մենք հիմա անընդհատ հնչեցնելու ենք այս բողոքի ձայնը, բայց չի կարելի թողնել այս բեռը քաղաքացիների ուսերին, որովհետև քաղաքացիները առանց այդ էլ այս ծանր վիճակում կրում են երկրի բեռը իրենց ուսերին,ընդ որում՝ էլի տուժում են թափանցիկ աշխատողները, որովհետև ստվերում մնացողները խնդիր չունեն:
Ձեր կարծիքը թեկնածու Արմեն Սարգսյանի մասին: Առհասարակ, ի՞նչ կարող է անել նախագահը արդեն փոփոխված սահմանադրության պայմաններում:
Սահմանադրության զուտ օրինական լիազորությունները բավականին քիչ են, և բերվող օրենքներով օրըստօրե նվազեցվում են: Երևի նաև չցանկանալով թույլ չտալ հակառակ բևեռի ձևավորումը՝ ի դեմս որևէ ուժեղ կերպարի: Բայց շատ բան կախված է նաև կոնկրետ անձից , որովհետև եթե անձը ցանկանում է աշխատել,ինչ-որ բան անել,ինչքան լծակ ունի, պետք է օգտագործի:
<<Ելքը>> կունենա արդյոք վարչապետի թեկնածու:
Դեռ չենք քննարկել: Ազգային ժողով մտնելու առաջին իսկ օրվանից անընդհատ ներկայացրել ենք այլընտրանքը կառավարության: Եվ մեր թիրախը կառավարությունը չի: Մեր թիրախը քաղաքացիներին ցույց տալն է, որ կա այլընտրանք, կա ուժ, որը կարող է այդ ամենը անել և անել ավելի լավ: Մենք այս մոտեցմամբ ենք մեր գործունեությունը ծավալել:
Մանրամասները՝ տեսանյութում;