Նոր կարգը, որի համաձայն՝ դեղատներից դեղերը կարելի է բաց թողնել միայն դեղատոմսերով, ընդամենը կառավարության նոր բիզնես նախագիծն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նրա խոսքով՝ եթե նախկինում մարդիկ ստիպված էին վճարել դեղերի եւ երբեմն բժշկի ծառայության համար, ապա հիմա ստիպված կլինեն վճարել նաեւ դեղատոմսերի համար: Իսկ բժշկին խորհրդակցության նպատակով ստիպված կլինեն ավելի հաճախ դիմել, քան նախկինում: Մարդիկ, որոնք բժշկի դիմելու համար փող չունեն, մասնավորապես՝ թոշակառուները, չեն կարող գնել այն դեղերը, որոնք սովորաբար ընդունում են, ինչը կարող է անմխիթար հետեւանքների եւ այս խմբի շրջանում մահացության աճի բերել:
Սամվել Խուդոյանը վստահ է, որ քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների մեծ մասը բժշկի հետ խորհրդակցելու ամենեւին կարիք չունի՝ նրանք առանց այն էլ գիտեն, թե ինչ դեղեր պետք է ընդունեն:
«Մենք այսքան տարի առանց այդ կարգի ենք ապրել, մի՞թե վատ է եղել: Բերեք թեկուզ մեկ օրինակ, երբ մարդն իրեն ինքնաբուժությամբ սպանել է: Փոխարենը՝ որքան խնդիրներ կան բժիշկների սխալ նշանակումների պատճառով»,- ասաց Խուդոյանը:
Հոգեբանի կարծիքով՝ նոր կարգի ուժի մեջ մտնելուց հետո վտանգ կա, որ մարդիկ կսկսեն արտասահմանից ավելի հաճախ դեղեր բերել (առավել եւս, որ դեղերի մեծ մասը հարեւան երկրներում ավելի էժան է, քան Հայաստանում), իսկ երկրում նույնիսկ կարող է հայտնվել դեղերի լուրատեսակ սեւ շուկա:
Դրանից բացի, նոր կարգը կարող է նկատելիորեն բարդացնել Հայաստան այցելող զբոսաշրջիկների կյանքը: Սամվել Խուդոյանը հիշեց, թե ինչպես է վերջերս Լեհաստան մեկնել, որտեղ դեղերը դեղատներից բաց են թողնում միայն դեղատոմսով: Ուղեւորության ժամանակ իր մոտ ատամնացավ է սկսվել, սակայն դեղատանը սկզբում հրաժարվել են իրեն ցավազրկող վաճառել, իսկ հետո վաճառել են հավելավճարով: Հոգեբանը համոզված է, որ նույն բանը կարող է տեղի ունենալ նաեւ Հայաստանում, եւ մեծ թվով կոռուպցիոն ռիսկեր կհայտնվեն, որոնք այսօր դեռեւս չկան:
Խուդոյանի խոսքով՝ որոշ դեղեր, օրինակ՝ այն դեղերը, որոնք թմրանյութեր են պարունակում, իրականում պետք է դեղատոմսով բաց թողնեն, սակայն չի կարելի, որ երկրում դեղատոմսով լինեն բոլոր դեղերի 85 տոկոսը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Դեղատոմսով առաջին հերթին բաց կթողնեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղամիջոցները: Հուլիսի 1-ից կարգը կտարածվի ներարկման բոլոր դեղամիջոցների վրա: Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ արդեն դեղատոմսերով բաց թողվող դեղերի ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը դեղատոմսով կվաճառվեն:
Հետևեք NEWS.am