Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառների մասին։

«Բոլորը գիտեն, որ «Արսենալը» խաղում է հարձակողական ֆուտբոլ, եւ ես սիրում եմ այդպիսի խաղաոճ։ «Մանչեսթեր Յունայթեդում» եւս մենք խաղում էինք հարձակողական, բայց ոչ բոլոր խաղերում։ Չեմ ցանկանում մեղադրել որեւէ մեկին, քանի որ յուրաքանչյուր մարզիչ ունի իր փիլիսոփայությունը։ Հնարավոր է, որ ես չհամապատասխանեցի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Ցանկացած խաղացող պետք է պաշտպանվի՝ անկախ նրանից, թե որ դիրքում է խաղում։ Հնարավոր չէ պաշտպանվել 4 կամ 5 ֆուտբոլիստով․ դա պետք է անի ամբողջ թիմը։ Ես նույնպես մասնակցում եմ պաշտպանողական գործողություններին, երբեմն դա հաջողվում է, երբեմն՝ ոչ։ Սակայն առաջին հերթին մտքերս թիմի հետ են, հետո նոր՝ իմ։ Ես եսասեր չեմ եւ գնդակ ստանալով մտածում եմ գոլային պահ ստեղծելու մասին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս ձմռանն էր միացել «Արսենալին», որի կազմում փետրվարին մասնակցել է 4 խաղի եւ դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):