«Պուտինը ոչ այնքան ձգտում է նոր սպառազինությունների մրցավազք սկսել արտասահմանի հետ, որքան փորձում է իր տանը պահպանել հին առասպելը Ռուսաստանի մասին, որի ռազմական հզորությունը միջազգային անվտանգության միակ աղբյուրն է եղել։ Կանգնելով վիդեոէկրանների առաջ, անհեթեթ ձեւով ցուցադրելով հրթիռների արձակումը իրար ետեւից, Պուտինն ասես Արմագեդոնի վաճառական լիներ», գրում է բրիտանական The Guardian-ը:
Միջազգային մամուլը լայնորեն անդրադառնում է Պուտինի ամենամյա ուղերձին, որի ժամանակ ՌԴ նախագահը ցուցադրել էր նորագույն զինատեսակները, որոնք, նրա խոսքով, չունեն ոչ միայն անալոգներ աշխարհում, այլ նաեւ՝ հակաթույն. «դրանք գործնականում անխոցելի են», ասել է Պուտինը:
Ուղերձի սկզբում Պուտինը խոստովանել էր, որ Ռուսաստանը հետամնաց երկիր է, եւ դա է երկրի գլխավոր թշնամին: Այս ֆոնին, զենքերի ցուցադրումը մի կողմից հուսահատության նշան է, երբ հնարավոր չի թվում Ռուսաստանի սոցիալ-տնտեսական վիճակի շտկումը տեսանելի ապագայում: Մյուս կողմից, Պուտինի այս ելույթը Ռուսաստանի վիճակը հաշվի առնելու եւ այն ավելի չբարդացնելու՝ Արեւմուտքին ուղղված խնդրանք-կոչ է թվում. «Մեզ ոչ ոք չէր լսում։ Ուրեմն լսե՛ք հիմա», ասել է նա:
Իր ուղերձում Պուտինը բազմաթիվ հղումներ է արել Խորհրդային Միությանը, ասելով նաեւ, որ բոլորը գիտեին, որ դա Ռուսաստանն է: Շատերը դրա մեջ կայսրությունը վերականգնելու մտադրություն են տեսնում, մյուս կողմից, սակայն, այդ հղումները խիստ խորհրդանշական են վերը նշված հանգամանքների ֆոնին:
Բանն այն է, որ Խորհրդային Միությունն էլ իր ժամանակի համար տիրապետում էր առաջատար ռազմական ուժի ու տեխնոլոգիաների, սակայն տնտեսությունը չդիմացավ «սառը պատերազմին», եւ միությունը փլուզվեց: Պուտինի ներկայիս հայտարարությունն Արեւմտյան ԶԼՄ-ներում համարում են նոր «սառը պատերազմի» մեկնարկ: Բայց Պուտինի խոստովանած հետամնացության պայմաններում որքանո՞վ կարող է «ձգել» հումքային կցորդի վիճակում հայտնված տնտեսությունը՝ նման տեխնոլոգիական մրցակցությանը դիմանալու համար:
Պուտինը նշել է նաեւ, որ այդ զենքերը կիրառվելու են Ռուսաստանի եւ դաշնակիցների դեմ միջուկային հարձակման կամ ագրեսիայի դեպքում: Բայց Խորհրդային Միության վրա էլ չէին հարձակվել, տեղի էր ունենում գլոբալ մրցակցություն ոչ միայն սպառազինության, այլեւ գրեթե բոլոր ոլորտներում: Ներկայում էլ Ռուսաստանի վրա ոչ ոք չի պատրաստվում հարձակվել, կան այլ, ավելի «մեղմ» ու արդյունավետ միջոցներ:
Հատկանշական է, որ Պուտինի հայտարարությունից մեկ օր անց Թրամփը հրամանագիր ստորագրեց 2014-ից մտցված պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու մասին: Բացի այդ, ուժի մեջ են մտել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի դեմ պատժամիջոցները:
Ռուսաստանն այս կամ այն «փաթեթավորմամբ» եղել եւ մնում է համաշխարհային քաղաքականության եզրին՝ մեկ որպես Եվրոպայի ժանդարմ, մեկ որպես չարիքի կայսրություն, հիմա էլ՝ ահաբեկչության ու վիրուսների հետ ճանաչվել է միջազգային գլխավոր սպառնալիքներից մեկը:
Ռուսաստանն ինքն իր քաղաքականությամբ ու հավակնություններով նպաստում է դրան: Մյուս կողմից, վերափոխվելու հնարավորությունն էլ թվում է խիստ խնդրահարույց: Ռուս փորձագետները նշում են, որ վերափոխումը կարող է նշանակել պարզապես փլուզում, իսկ մեծապետական քաղաքականությունն էլ երկիրը հասցնում է լիակատար դեգրադացիայի:
Այս իրավիճակն էլ պայմանավորել է Ռուսաստանի դերը համաշխարհային քաղաքականության մեջ, որը ձեռնտու է թե Արեւմուտքին, թե ուժային այլ կենտրոնների ու խոշոր պետությունների: Հետամնաց ու ագրեսիվ Ռուսաստանի միջոցով լուծվում են շատ հարցեր, այդ թվում՝ այնպիսիք, որոնց ոչ ոք չէր ցանկանա մոտ գնալ: Հենց այսպիսի Ռուսաստանն է ձեռնտու բոլորին:
Պուտինի ուղերձը խոշոր հաշվով այս իրավիճակի արձանագրումն էր: Միջուկային զենք ճոճելը վերջին փաստարկն է: Զենքը զենք է, երբ դրա հետեւում արդիական պետական համակարգեր ու ինստիտուտներ են գործում, եւ այն ոչ թե նպատակ է, այլ՝ միջոց: Ռուսների համար զենքը դարձել է նպատակ, իսկ դա հեռանկարի բացակայության թիվ մեկ ախտանիշն է:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am