Մայրաքաղաքում շարունակվում են Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա և Ուլնեցի - Ռուբինյանց փողոցներն իրար միացնող ճանապարհների շինարարական աշխատանքները, որոնց գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափումն է: Լենինգրադյան - Իսակովի հատվածի պարագայում կբեռնաթափվեն և' Ծիծեռնակաբերդի խճուղին, և' Աթենքի փողոցը:
Ճանապարհի կարևորագույն հանգույցներից մեկը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա հատվածն է, որտեղ ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները:
Երթևեկը Լենինգրադյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի հունիսի 14-ի առավոտյան:
Զուգահեռաբար, ավարտական փուլ է թևակոխել նաև Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը, որից սկիզբ է առնելու ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Կամրջի երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրումից հետո այժմ ընթանում են վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները, որոնք կավարտվեն հունիսի 13-ին: Ջրամեկուսացման աշխատանքներից անմիջապես հետո կմեկնարկի ասֆալտապատման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: