«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկելու է մի օրինագիծ, որով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը դնել վարչապետի ենթակայության ներքո: Խոսքն, իհարկե, ապրիլի 9-ից հետո ուժի մեջ մտնելիք մոդելի մասին է, որը գործելու է նոր վարչապետի նշանակումից հետո:

Այս օրենսդրական նախաձեռնությունը հանրության մի շարք շրջանակներ գնահատում են իբրեւ Սերժ Սարգսյանի վարչապետության համար պատրաստվող, այսպես ասած, պատվանդան, երբ նրա ենթակայությանն են թողնվում իրավապահ-ուժային երկու առանցքային կառույց, որոնք, փաստորեն, թույլ կտան վարչապետ Սերժ Սարգսյանին վերահսկել ներքին ամբողջ դաշտը: Ավելին՝ հենց այդ փոփոխությունները տալիս են շատերի համար հիմք եզրակացնելու, որ վարչապետի պաշտոնին հավակնում է Սերժ Սարգսյանը, քանի որ հակառակ դեպքում հազիվ թե այդ կարեւորագույն լծակները դրվեին հնարավոր այլ վարչապետի ենթակայության ներքո:

Սա, իհարկե, ծանրակշիռ փաստարկ է, տրամաբանելու բավականին հիմնավոր ելակետ, հատկապես, որ ամենեւին անխուսափելի չէր այդ կառույցների այլ կարգավիճակը, մասնավորապես ներքին գործերի նախարարության ձեւավորումը, իսկ Ազգային անվտանգության ծառայության դեպքում էլ ուղղակի խորհրդարանի առաջ հաշվետվողական կարգավիճակի սահմանումը:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակը իսկապես երկիմաստ է, եթե նկատի առնենք այն, որ այդ կարեւոր լծակները ձեռքի տակ ունեցող վարչապետն ինքն էլ գտնվելու է խորհրդարանի մեծամասնության ձեռքի տակ: Այսինքն՝ վարչապետը ենթակա է այդ մեծամասնությանը, հաշվետու է այդ մեծամասնությանը՝ դե յուրե: Հետեւաբար, եթե դիտարկում ենք իրավիճակը այս տեսանկյունից, ապա ըստ էության ստացվում է, որ կա՛մ ոստիկանության ու ԱԱԾ կարգավիճակը արդեն դառնում է տեխնիկական խնդիր, եւ բոլոր դեպքերում, միեւնույն է, վերջին կամ առաջին խոսքը մեծամասնությանն է, կա՛մ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը իրականում լինելու են Սերժ Սարգսյանի գործիքը հենց այդ մեծամասնության դեմ, այդ մեծամասնությանը կառավարման ներքո պահելու, վերահսկելի պահելու համար:

Այդ պայմաններում, իհարկե, կարեւոր չէ, թե ումն է առաջին մանդատը կամ վերջին խոսքը, քանի որ առաջին եւ վճռական գործը կլինի ԱԱԾ-ինը կամ ոստիկանությանը: Ինտրիգը եթե կա, ապա այն կա՛մ հենց այդտեղ է, կա՛մ պարզապես որեւէ ինտրիգ էլ չկա, եւ մեծ հաշվով, սկզբունքային նշանակություն չունի, թե ում են ենթարկվում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն:

Այլ կերպ ասած՝ այստեղ իրավիճակը ուշագրավ է ոչ թե իշխանություն-հասարակություն, այլ վարչապետ-խորհրդարանական մեծամասնություն տեսանկյունից: Սերժ Սարգսյան վարչապետի հենարանն իրականում լինելու է ոչ թե խորհրդարանական մեծամասնությունը, այլ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում