Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանն ակնթարթային միջուկային հարված կհասցնի, եթե իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային կամ էլ պետության հիմքերին սպառնացող զանգվածային խոցման այլ զենք կիրառվի:
Պուտինի ուղերձից հետո լրագրողները փորձել են պարզել, թե ովքեր են դաշնակիցները: Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշնակիցները ՀԱՊԿ-ն ու մյուսներն են: Մյուսները, ըստ երեւույթին, Աբխազիան եւ Հարավային Օսիան են, որոնց հետ Ռուսաստանն անվտանգության պայմանագրեր ունի:
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավոր է օգնել միայն նրանց, որոնց հետ անվտանգության փոխադարձ պաշտպանության պայմանագրեր է ստորագրել: Ինչպես պարզվել է, Ռուսաստանն այդպիսի պայմանագիր չունի ոչ Սիրիայի, ոչ Հյուսիսային Կորեայի, ոչ էլ Իրանի հետ: Պեսկովը հստակ պարզաբանել է, որ Սիրիան Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն Ռուսաստանն անվտանգության պայմանագիր չունի այդ երկրի հետ:

Պուտինի ուղերձը եւ այս պարզաբանումը կարո՞ղ է նշանակել, որ Ռուսաստանը մտադիր չէ քայլեր ձեռնարկել, եթե ինչ-որ մեկը հարվածի, օրինակ, Սիրիային: Սա հատկապես ակտուալ է հնչում Սիրիայում տեղի ունեցող գործընթացների ֆոնին: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այսօր Ռուսաստանին մեղադրել են Դամասկոսի մոտ գտնվող Արեւելյան Ղուտայի ողբերգությանը մասնակցելու մեջ: Գերմանիան ու Ֆրանսիան նույնպես պահանջում են, որ Ռուսաստանը կատարի ՄԱԿ բանաձեւը 30-օրյա հրադադարի մասին: Նրանք ցանկանում են նաեւ, որ Թուրքիան զբաղվի միայն «ահաբեկչության դեմ պայքարով», այլ ոչ թե այլ խնդիրներ լուծի:
Պուտինն ակնարկու՞մ էր, որ Ռուսաստանը միջուկային հարված չի հասցնի, եթե որեւէ մեկը որոշի Սիրիայում զանգվածային խոցման զենք կիրառել: Այդ ակնարկները վերաբերու՞մ են Թուրքիային, որի համար Ռուսաստանը փաստացի բացել է օդային տարածությունը սիրիական Աֆրինում: Թե՞ դա ամերիկա-ռուսական պայմանավորվածությունների մասն է, որոնց մասին հայտարարվել է Վիետնամում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո:
Այսպես թե այնպես, շատ ուժեր Պուտինի հայտարարությունը կարող են դիտարկել որպես Սիրիայում զանգվածային գործողությունների քարտ-բլանշ: Ժամանակը ցույց կտա, թե ով կօգտվի դրանից, բայց սիրիացիները մի օր Մոսկվայից պատասխան կպահանջեն նման «դաշնակցության» համար: Մի օր նրանք կհարցնեն, թե ռուսները քանի մարդ են սպանել Սիրիայում, որ նոր զինատեսակներ «փորձարկեն» ու «վաճառեն» նոր մշակումները, ինչպես հայտարարել է Պուտինը:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am