Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սքրինինգ հետազոտության փոխկապակցման կարևորությունը.
Ինչպես շաքարային դիաբետը այնպես էլ զարկերակային գերճնշումը ունեն գրեթե նույն ախտահարման ուրվագիծը, այս երկու հիվանդությունների գլխավոր թիրախը սիրտ-անոթային համակարգն է: Ցանկացած օրգանի սնուցման և շնչառության համար անհրաժեշտ է առողջ անոթային համակարգ, որը կապահովի տվյալ օրգանի նյութափոխանակությունը և գազափոխանակությունը: 2017 թվականին ՀԱԿ-ի կողմից կազմակերպված, գիտաժողովների մասնակից բոլոր 14 երկրները` վիճակագրական տվյալներով, հիվանդացության և մահացության ցուցանիշներով, միաձայն փաստեցին դիաբետի` հանրային առողջությանը սպառնացող վտանգի հրատապությունը, ինչպես նաև դիաբետը դասվեց սիրտ-անոթային հիվանդությունների շարքին:
ՀՀ-ում մահացության հիմնական պատճառներն են`
- Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները,
- Ուռուցքային (քաղցկեղային) հիվանդությունները,
- Էնդոկրին համակարգի հիվանդությունները և նրանց հնարավոր բարդությունները մասնավորապես` շաքարային դիաբետը:
Զարկերակային գերճնշման առաջացման հնարավոր պատճառներից ամենատարածվածը էնդոկրին հիվանդություններն են` մասնավորապես շաքարային դիաբետը:
Շաքարային դիաբետի ընթացքում ինսուլին հորմոնի սակավությունը կամ բացակայությունը բերում է սիրտ-անոթային հյուսվածքի հաստացման և կարծրացման: Օրգանների սնուցումը և գազափոխանակությունը կայուն վիճակում պահպանելու համար, սիրտը սկսում է բարձրացնել արյան հոսքի ճնշումը, որի հետևանքով առաջանում է զարկերակային գերճնշում հիվանդությունը:
Ամեն դեպքում էնդոկրին` հորմոնալ ֆոնի ցանկացած փոփոխությանն առաջին հերթին արձագանքում են սիրտը և անոթները:
Շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման կլինիկական նմանություններն են`
- Սիրտ-անոթային համակարգի ախտահարումը,
- Առաջացման սկզբնական շրջաններում անախտանիշ ընթացքը,
- Նյարդային համակարգի և թիրախային օրգանների ախտահարումները,
- Նյութափոխանակության և գազափոխանակության խանգարումները:
Արդյո՞ք անհրաժեշտ է զարկերակային գերճնշմամբ տառապող անձանց պարտադիր ներգրավվել շաքարային դիաբետի սքրինինգ հետազոտությունների շրջանակներում,
ՀՀ ո՞ր բուժ հիմնարկներն են իրականացնում անվճար սքրինինգ հետազոտություններ.
ՀԱԿ-ի կողմից վերամշակված` հանրային առողջության պահպանման և վերահսկման միջազգային առողջապահական ուղեցույցները հստակ սահմանում են սքրինինգ հետազոտությունների տարիքային չափորոշիչները: Ցանկացած 35-68 տարեկան անձինք առնվազն 2 տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման սքրինինգ հետազոտություններ: Բացարձակապես էական չէ երկրորդային հիվանդությունների, հղիությունը կամ սոցիալ-հոգեբանական խնդիրների առկայությունը` էականը սեփական անձի հանդեպ բարյացակամ և հետևողական վերաբերմունքն է: Բնականաբար զարկերակային գերճնշմամբ տառապող անձինք պարտադիր պետք է հասկանան հիվանդության առաջացման բուն պատճառը, իսկ հնարավոր պատճառներից է` դիաբետը, հետևաբար անհրաժեշտ է զարկերակային գերճնշմամբ տառապող անձանց ներգրավվել շաքարային դիաբետի սքրինինգ հետազոտության շրջանակներում:
2015 թվականից մինչ օրս` ՀՀ ԱՆ առաջնային օղակի բուժ հիմնարկներում` քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում իրականացվում է շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման`ԱՆՎՃԱՐ սքրինինգ ծրագիր, որը իրականացվում է 35-68 տարեկան անձանց շրջանում:


