Lragir.am-ը գրում է.
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որ կառավարություն եկավ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ մասնավոր սեկտորից, դարձավ թերեւս կառավարության ամենաաղմկահարույց նախարարը: Ընդ որում, պարադոքսն այն է, որ աղմուկի պատճառ դարձած նրա նախաձեռնությունները պետք է որ ունենային հակառակ նշանակություն, հակառակ էֆեկտ, քանի որ զուտ բովանդակային իմաստով դրանք բխում էին հանրության շահից՝ առողջությունից:
Իհարկե ամենեւին չկա որեւէ բան բացարձակացնելու անհրաժեշտություն, քանի որ Լեւոն Ալթունյանի նախաձեռնություններն այդուհանդերձ հղկված չէին, չունեին որեւէ գրագետ փաթեթավորում, որոշակիորեն կտրված էին ընդհանուր իրականությունից, իսկ ինքը նախարարն էլ քաղաքական դեմքի իր կարգավիճակը կամ չպատերացրեց, կամ չուզեց պատկերացնել եւ նախաձեռնությունները հրապարակային հարթակներում մեկնաբանում էր այնպես, կարծես զրուցելիս լիներ ընկերոջ հետ, հանրային աչքից ու ականջից հեռու:
Ընդ որում, այդ խնդիրը՝ քաղաքական կարգավիճակի պատկերացումը, առկա էր նախարարությունում ընդհանրապես, ինչը դրսեւորվեց նախօրեին առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանի ասուլիսի ընթացքում: Մարգարյանը, որի նշանակումը դրական իմաստով աչքի ընկավ որպես թարմություն, որը հրաժարվեց ծառայական մեքենայից, նախօրեին ցույց տվեց մամուլի հետ հաղորդակվցելու լիակատար անկարողություն եւ անպատրաստություն:
Այդ դեպքում գուցե պետք է լինի պատկերացում, որ արժե խուսափել այդ կարգի հաղորդակցումից եւ նախընտրել այլ տարբերակներ:
Մյուս կողմից, քաղաքականության այդ կարեւորագույն ասպեկտի գիտակցումն ընդհանրապես թիմային խնդիր է Կարեն Կարապետյանի համար, նրա հետ կառավարություն եկած տեխնոկրատների կամ պարզապես մենեջերների թիմի համար, որոնք այդպես էլ չցանկացան յուրացնել քաղաքական կարգավիճակի անհրաժեշտությունները:
Ընդ որում, հաճախ դա դիտարկվում է իբրեւ քողարկիչ միջոց, երբ մարդը ունի որեւէ խնդիր եւ ասենք PR-ով ուզում է թաքցնել դա: Նրանք համարեցին, որ չունեն թաքցնելու բան: Իրականում այդ բաղադրիչը ոչ թե թաքցնելու համար է, այլ քաղաքական կարեւորագույն գործիք, հատկապես ռեֆորմների անհրաժեշտության դեպքում, որովհետեւ հնարավոր չէ անել ռեֆորմ, որը չհարվածի հանրային զգալի շերտերի եւ չառաջացնի շահերի ահռելի բախումներ, ըստ այդմ տարաբնույթ հակազդեցություն:
Կարեն Կարապեյանն այդ իմաստով տապալեց իր թիմին, այդպես էլ չդնելով մենեջերից քաղաքական գործչի վերածվելու, քաղաքականությամբ զբաղվելու խնդիր: Տապալման վառ օրինակներից է հենց Լեւոն Ալթունյանը: Ասել, թե նա փորձում էր իրականացնել առողջապահական ռեֆորմ, չափազանցություն կլինի, բայց նա փորձում էր ըստ իր պատկերացումների անել վիճակը էապես փոխող նախաձեռնություններ, որոնք կարող էին ունենալ առավել խորքային էֆեկտներ, քան պարզաես հանրային վայրերում չծխելը կամ առանց դեղատոմսի հոգեմետ կամ հակավարակային դեղեր չգնելը:
Բայց, բանն էլ հենց այն է, որ ըստ էության ռեֆորմատորական բնույթ ունեցող նախաձեռնությունները դատապարտված էին նախարարի տապալման, եթե պետականորեն դրված չէ առողջապահական ռեֆորմի քաղաքական խնդիր:
Ալթունյանի պարագան օրինակ է այն բանի, թե ինչպես է տապալվելու որեւէ քիչ թե շատ էական գործ անել փորձող որեւէ նախարար Հայաստանում: Տապալումն անխուսափելի է, քանի որ Հայաստանում պետական մակարդակով, այսինքն նախագահի ամենաբարձր մակարդակով դրված չէ որեւէ ոլորտի սկզբունքային ռեֆորմի խնդիր: Լուծվում են ընդամենը իշխանության հետ կապված ընթացիկ հարցեր, ինչի քավության նոխազ են դառնում նախարարները: Ինչ որ փուլի դա պաշտպանության նախարարն է լինում, ինչ որ փուլում դա լինում է առողջապահության նախարարը, կամ գյուղատնտեսության, վաղը այլ նախարար կլինի:
Այդպես շարունակվելու է, քանի դեռ չկա ռեֆորմի պետական քաղաքական խնդիր եւ պատասխանատվություն: Այդ իմաստով, առողջապահության նախարարը թերեւս եղավ մի քիչ ավելի հետեւողական, անշրջահայաց, ժամանակին կանգ չառավ, եւ տապալումը դարձավ անխուսափելի: Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը միմյանցից անկախ եւ տարբեր շարժառիթներով ու պատճառներով, բայց համատեղ տապալեցին այդ նախարարին: Բայց գլխավոր խնդիրն անշուշտ նախարարը չէ՝ նա հաստատ չի կորչի, իսկ գուցե նույնիսկ շատ ուրախ կլինի կառավարությունից ազատվելու համար: Խնդիրը երեւույթն է, պետական քաղաքականության եւ ռեֆորմի պատասխանատվության հարցը, որ ցցուն դրսեւորվեց կարեւորագույն ոլորտներից մեկի՝ առողջապահության բնագավառում:
Առողջապահության ռեֆորմը կայացած եւ համարժեք քաղաքական համակարգերում լինում է քաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկը, իշխանություն-ընդդիմություն հիմնարար բանավեճերի թեմաներից մեկը: Թվում է, որ օրինակ քաղցկեղից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող պետությունում այլ կերպ պարզապես լինել չէր կարող, բայց Հայաստանում բոլոր հարցերում աղմուկից ու տեսարաններից բացի այլ բան չի լինում:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am