Երեկ մոսկվաբնակ երգիչ Էդգարն ու շվեդ հայտնի երգիչ Բոսսոնը ներկայացրեցին իրենց համատեղ՝ «Она» զուգերգի տեսահոլովակը, որի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել անցած տարի՝ Հայաստանում: Երգը հեղինակել են Էդգարը, Ասլան Գուսեյնովն ու Գայանե Ավետիսյանը, որը հաճախ է հիթեր ստեղծում հայ երգիչների համար: Բոսսոնի եւ Էդգարի հետ NEWS.am STYLE-ն արդեն զրուցել է այս թեմայով: Այս անգամ հայ-շվեդական համագործակցության շուրջ զրուցեցինք դերասանուհի եւ խոսքերի հեղինակ Գայանե Ավետիսյանի հետ, որը մեզ պատմեց շվեդ երգչի հետ մտերմության ու ի ստեղծման մասին.
«Համագործակցության առաջարկը ստացել եմ Տարոն Պողոսյանից, որի հետ մտերմացել ենք «Տաշի շոու»-ի շրջանակում: Մեծ սիրով համաձայնվել եմ, քանի որ բացի այն, որ Էդգարն իմ ընկերն է, կար նաեւ Բոսսոնը, որի հետ արդեն մտերմացել էինք նույն համերգի ժամանակ: Արդեն խոստացել էի, որ մի օր երգի խոսքեր կգրեմ նրա համար, բայց չգիտեի, որ այդ օրն ավելի շուտ կգա, քան մտածում էի»,-պատմում է Գայանեն՝ հավելելով.
«Շատ հեշտ է աշխատել Բոսսոնի հետ, որովհետեւ նա հետաքրքիր արտիստ լինելուց բացի, նաեւ շատ լավ մարդ է: Կարողացանք հասկանալ՝ ինչ է նրանց պետք: Ռուսերեն խոսքերն արդեն կային եւ դրանց համապատասխան պետք էր գրել անգլերեն խոսքեր: Կարծում եմ՝ կարողացել եմ դրանք ճիշտ մատուցել՝ երաժշտությանը համապատասխան: Հուսով եմ՝ այն կսիրվի, քանի որ կարծում եմ՝ շատ հիթային երգ է ստացվել: Շատ ուրախ եմ այս համագործակցության համար. սա նաեւ մեծ պատասխանատվություն էր, քանի որ ես հիմնականում հայերեն խոսքեր եմ գրում, իսկ այս դեպքում խոսքերն անգլերենով էին»:
Չշրջանցեցինք նաեւ կանանց մեկամսյակի թեման. հետաքրքիր էր իմանալ, թե բանաստեղծուհի, դերասանուհի եւ խոսքերի հեղինակ Գայանեն ինչ է կարծում՝ ի՞նչ է պետք կնոջն՝ ամբողջ տարի տոնական տրամադրություն ունենալու համար.
«Կարծում եմ՝ կնոջ համար ամբողջ տարին պետք է լինի ծաղիկներով, ժպիտներով ու սիրո խոստովանություններով լի: Հուսով եմ՝ հակառակ սեռի ներկայացուցիչները՝ տղամարդիկ, կկարողանան ոչ միայն միամսյակին, այլեւ ամբողջ տարի իրենց կողքի կանանց, քույրերին, մայրերին միշտ գոհացնել եւ սիրով լինել նրանց հանդեպ»,-նշեց նա: