Որսի ելած վագրակատուները սավանայում սլանում են մեքենայի արագությամբ: Գիշատիչների վզին ամրացված GPS-նավիգատորների միջոցով հնարավոր է եղել պարզել, որ վայրի բնության մեջ նրանք կարող են հասնել 93 կմ/ժ արագության, հաղորդում է Infox.ru-ն՝ հղում կատարելով Nature ամսագրին:


18 ամիս տևած հետազոտությունների արդյունքում հնարավոր է դարձել պարզել, որ վագրակատուների առավելագույն արագությունը վայրի բնության մեջ ավելի քիչ է, քան կենդաբանական այգիներում՝ համապատասխանաբար 93կմ/ժ և 105 կմ/ժ: Բացի այդ հայտնի է դարձել, որ գիշատիչներն օգտագործում են իրենց առավելագույն արագության 60%-ը: Հիմնականում այս կենդանիները հույսը դնում են ճարպկության վրա:

Հետազոտությունները ցույց են տվել, որ վագրակատուները կարողանում են շատ արագ արագություն հավաքել և կանգնել: Բացի այդ պարզվել է, որ գիշատիչները հաճախակի որս են կատարում տարածքներում, որոնք պատված են թփուտներով և ծառերով, ինչի արդյունքում նրանք ստիպված են կտրուկ շրջադարձեր կատարել և խոչընդոտներ հաղթահարել: Հետագայում գիտնականները նմանատիպ հետազոտություն են ցանկանում կատարել առյուծների վրա: