Հայտնաբերվել է Իրանի տարածքում կործանված թուրքական ինքնաթիռի «սեւ արկղը», հաղորդել է Չեհարմեհալ եւ Բախտիարիի փոխնահանգապետ Ջաֆեր Մայդանը, հաղորդում է IRNA գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ «սեւ արկղը» կփոխանցվի իշխանություններին՝ հետաքննությունը շարունակելու համար։
Իրան կժամանեն նաեւ Թուրքիայի ներկայացուցիչները եւ զոհերի հարազատները։
Հիշեցնենք, որ կործանված ինքնաթիռն իրականացնելիս է եղել Շարժա (ԱՄԷ)-Ստամբուլ չվերթը: Վթարը տեղի է ունեցել նահանգի լեռնային տարածքում: Ընկնելուն պես օդանավը բռնկվել է:
Փրկարարները կարողացել են մինչ այս պահը գտնել 11 մահացածներից 10-ի մարմինները, նրանցից 8-ի ինքնությունը հաստատված է: Մյուս երկու զոհերի մարմինները դեռեւս չեն ճանաչվել՝ առկա այրվածքների պատճառով:
Ինքնաթիռը պատկանել է թուրքական Başaran Holding ընկերությանը: