Երիտասարդություն՝ ճանապարհ է, երբ անցնում ես՝ առանց «գցել- բռնելու»։ Գինովության նման մի բան է, երբ քեզ թվում է, թե աշխարհը կարող ես նվաճել ու զարմանում ես, երբ մեկը քեզ դիտողություն է անում։ Այդ ճանապարհն անցածներն ավելի խոհեմ են , կշռադատող, սթափ, բայց զարմանալիորեն մոռացել են, որ իրենք էլ ժամանակին անցել են նույն ճանապարհը, իրենք էլ սխալներ են գործել։
18 տարեկան էի ու ինձ թվում էր, թե բոլորն ինձանից բան ունեն սովորելու։ Գլխիցս մեծ- մեծ բաներ էի անում, հաճախ ինքս ինձ զարմանում, թե փորձառուներն ինչու չեն նման բաները տեսնում, որ ես եմ տեսնում։ Մի օր էլ, վատ շրջան էր, մի հոդվածի առիթով մեծ գլխացավանքի մեջ ընկա։ Մոտիկ- հեռու «բոլորը սրերն առած ինձ խողխողում էին», ո՜նց կարելի է․․․ Բոլորը լեզու էին առել։ Պատկառելի տարիքով խմբագիր ունեի, ինձ կանչեց։ Մինչև հիմա նրա բառերն եմ հիշում․
«Ես էլ քո տարիքում նույնն եմ արել։ Հիմա նույն բանը երբեք չեմ անի, բայց չեմ մոռացել, որ ես էլ արել եմ։ Այն ժամանակ համարձակ էի, հիմա դա չկա ու միայն կշռադատում եմ․․․ Երանի՜ մեկ անգամ ևս անցնեի այդ ճանապարհով։»։
Արուսիկ Տիգրանյանի հաղորդումն եմ նայում կանանց գաղութում՝ մարտի 8-ի առթիվ։ Աղջիկը երևի չի պատկերացնում, թե ճաղերից այն կողմ ինչ հոգեվիճակում են այդ կանայք։ Դա ողբ է, բայց, գուցե ինձ էր թվում, ականջներումս անընդահտ ծիծաղ էր հնչում։ Այսինքն դա հումորայի՞ն հաղորդում էր։
Հաղորդումը կարելի էր վարել առանց հումորի, հասկանալ կանանց, ի՞նչ անենք, որ այդ կարգավիճակում են։ Շնորհալի լրագրող է, շոյող ձայնով, բայց․․․
Կարելի՞ է ծիծաղել փակ վանդակում պատեպատ խփվող թռչունի վրա։ Կոնկրետ ինձ համար ցավ էր, տառապանք, ու ես ցավին համարժեք վերաբերմունք կուզեի տեսնել։
․․․ Արուսիկն անցնում է երիտասարդության, անփորձության ճանապարհը ու կարող է սխալվել, դա սրբագրման ճանապարհ է։ Բայց կողքին չկայի՞ն այդ ճանապարհն անցած փորձառուները, որ ընդամենն ասեին՝ Արուսիկ, դա հումորային հաղորդման թեմա չէ։
Թեմա, որը ոչ միայն դատապարտյալ կանանց, այլ հանրության համար լսելը ծանր է։
Երիտասարդությունը գինովության նման մի բան է, պետք է կողքիդ փորձառու ու սրտամոտ մարդ ունենաս։
Նյեւթի աղբյուրը՝ hraparak.am