Աղջկա արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով ապօրինաբար նրան կյանքից զրկելու նպատակով խեղդելու համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Հրածին Փայտյանը մտադիր է վերաքննիչ բողոք ներկայացնել:
NEWS.am-ի տեղեկություններով, 57-ամյա կինը համաձայն չէ առաջին ատյանի կայացրած դատավճռի հետ եւ շարունակում է պնդել, որ երեխան մահացած է ծնվել, որից հետո է միայն ինքն այդ քայլին դիմել: Մինչդեռ, դուստրը ցուցմունք է տվել, որ երեխայի ճիչն ինքը լսել է: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ նույնպես ապացուցվել է, որ երեխան առողջ է ծնվել, որեւէ խնդիր չի ունեցել: Նշենք, որ Հրածին Փայտյանը 7 երեխա ունի:
Ըստ մեղադրանքի՝ Հրածին Փայտյանը 2017թ. սեպտեմբերի 27-ին ժամը 02:00-ի սահմաններում Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում աղջկա՝ արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով սպանել է դստեր նորածին երեխային: Այնուհետեւ կինը թոռան դին փաթաթել է պոլիէթիլենային պարկի մեջ եւ գցել արտաքնոցի փոսի մեջ: