«168 ժամ» թերթը գրում է. «1990-ական թվականներից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում թեժ պատերազմի վերսկսման վտանգը եղել է միշտ, քանի որ կողմերը երբեք չեն կարողացել հասնել փոխզիջումների պատրաստակամության այն մակարդակին, որը թույլ կտար վերջնականապես լուծել այդ հակամարտությունը: Այդ դրությունը ֆիքսել են ոչ միայն արեւմտյան, այլեւ ռուսական դիտորդները: Ուստի արդարացումը, թե Ուկրաինայում հակամարտությունն ավելի թեժ է, ավելի վտանգավոր, քան Ղարաբաղում, մեղմ ասած սխալ է, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը եղել է եւ կա քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի դիտարկումներին, թե ապրիլյան պատերազմից հետո ռուսական զենքի մատակարարումները Ադրբեջանին կրճատվել են:
Ըստ Ջերմանի, կարեւոր հանգամանքն այն է, որ Ռուսաստանն այլեւս չի կարողանալու իրականացնել ԼՂ հակամարտության գոտում իր սպառազինության բիզնեսը, քանի որ ամերիկյան կողմը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք ռուսական ընկերություններից զենք կգնեն:
«Զենքի վաճառքով Ռուսաստանը նպաստել է պատերազմի վերսկսման հնարավորությանը, խթանել է ռազմատենչ հռետորաբանության սրմանը եւ այդպես շարունակ: Չնայած բացառությունները, միջազգային պրակտիկայում անընդունելի է զենք մատակարարել հակամարտության մեջ գտնվող երկրի, որովհետեւ նա դա կարող է օգտագործել ցանկացած պահի: Եվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս զենքերը միշտ կիրառվում են, ցավոք սրտի:
Ինչու ենք մենք հետազոտություններ անցկացնում երկրների ռազմականացման մակարդակի վերաբերյալ, դրանք գնահատումներ են, որոնց նպատակն է նաեւ ֆիքսել սպառազինության ավելցուկը երկրներում, տարածաշրջաններում, հակամարտության գոտիներում, որովհետեւ խոսքը զենքի մասին է, այո, զենք վաճառում են, բայց զենքը բանջարեղեն չէ, զենքի առեւտուրը լուրջ քաղաքականություն է, պետք չէ միամտացնել, թե դա միայն առեւտուր է, դա հստակ քաղաքականություն է, որի ներքո թաքնված է հակամարտության կառավարումը, ժամանակ առ ժամանակ թեժ հակամարտության, որը կողմերին կդնի Ռուսաստանից մեծ կախվածության մեջ, որի ականատեսն ենք մենք ներկայումս»,- ասել է Թրեյսի Ջերմանը:
Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը մեր թղթազկցի հետ զրույցում նշել է, որ ապրիլյան պատերազմը Ղարաբաղում իսկապես կարեւոր հանգրվան էր ռուսական կողմի համար հասկանալու համար մեկ շատ կարեւոր բան, որ զենքի վաճառելով հակամարտող կողմերին հնարավոր չէ լիովին վերահսկել դրա օգտագործումը շփման գծում: Ըստ նրա, ՌԴ իշխանություններն իսկապես հույս ունեին, որ կողմերը չեն ունենա այդ համարձակությունն առանց Ռուսաստանի եւ գերտերությունների «թույլտվության» սկսել լայնածավալ ռազմական գործողություններ Ղարաբաղյան հակամարտության գոտում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում