«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սարգսյան-Ալիև հունիսի 12-ին նախատեսված հանդիպումը չի կայացել Ալիևի պատճառով, որը չի ցանկացել Ադրբեջանում հոկտեմբերին տեղի ունենալիք ընտրությունների նախաշեմին իր «կրուտոյ-ռազմատենչ» իմիջը փոխարինել բանակցությունների սեղանի շուրջ նստած, զիջումների պատրաստ «bad boy»-ի իմիջով: Բայց որպեսզի առնի այդ հանդիպման մոդերատոր Ջոն Քերրիի` ԱՄՆ պետքարտուղարի սիրտը, Ադրբեջանն իմիտացիոն-հանդիպակաց քայլով առաջարկել է Հայաստանին գազ` տարածքների դիմաց: Ի՞նչ բլեֆ էր դա. «Հրապարակ»-ը հարցրել է նախկին ԱԳ նախարար, ՄԱԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանին: «Իրենց պատկերացմամբ, եթե Հայաստանը գնա զիջումների, իրենք էժան գազ կապահովեն Հայաստանի համար»: Բայց չէ՞ որ ձեր ժամանակ Հայաստանը չհամաձայնեց նույնիսկ երկու գյուղ զիջել` հանուն դարի պրոյեկտի` Բաքու-Ջեյհան նավթամուղի: «Հիմա էլ չեմ կարծում, որ որևէ մեկը զիջման կգնա, պարզապես պարբերաբար այդ տիպի հարցեր դրվում են շրջանառության մեջ, իսկ այս պահի համար մտածում են, քանի որ Ռուսաստանը գազի գինը բարձրացրեց, որոշ դիվիդենտներ կշահեն, չնայած իրենք էլ լավ գիտեն, որ Հայաստանը չի համաձայնի դրան, բայց դե` «պապիտկա նե պիտկա». իրենց իրավունքն է առաջարկելը, մերը` մերժելը»,- ասել է Ա. Արզումանյանը: