Մարտի 24-ին կեսօրից մինչեւ մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում ուժգին քամիներ են սպասվում: Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում, Սեւանի ավազանում եւ Լեռնային Ղարաբաղում քամու ուժգնությունը կարող է հասնել 30-35 մ/վրկ: «Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում եւ Երեւանում քամու ուժգնությունը կարող է հասնել մինչեւ 20-25 մ/վրկ: Արդյունքում կարող են ծառեր ընկնել, տների տանիքներ, վահանակներ կոտրվել, էլեկտրական լարեր վնասվել եւ այլն»,- հավելել է Սուրենյանը` կոչ անելով քաղաքացիներին զգոն լինել: Գագիկ Սուրենյանը նշել է, որ երկուշաբթի օրը կլիմայական պայմանները կվերադառնան նորմային: