20-30 տարեկանում երիտասարդ տղամարդկանց եւ կանանց 60 տոկոսն առատ մազաթափության խնդիր է ունենում: Այս մասին է վկայում Ցինխուա (Չինաստան) համալսարանից 4000 ուսանողների մասնակցությամբ ուսումնասիրությունը:

Ինչո՞ւ են մինչեւ 30 տարեկանը մարդիկ ճաղատանում

Գիտնականները նշել են մի քանի հիմնական պատճառ, որոնց հետ կարող է կապված լինել երիտասարդ տարիքում մազաթափության խնդիրը:

Սթրես

Հիմնական պատճառը, ըստ բազմաթիվ մասնագետների, սթրեսն է: Հետազոտողները պնդում են, որ այսօր երիտասարդները ենթարկվում են ավելի բարձր սթրեսային մակարդակի, քան ավագ սերնդի մարդիկ: Նրանց ճնշում է տեղեկատվական հոսքը, որը մատչելի է դառնում նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաեւ աճող գործազրկությունը:

Սթրեսն, ըստ գիտնականների, կարող է ընդհատել մազերի աճը եւ հանգեցնել մազաթափության: Մկների եւ կապիկների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի մեծ քանակությամբ կորտիզոլ (սթրեսի հորմոն) ունեցող կենդանիների մազերն ավելի շատ են թափվել:

Տոքսիններ

Մազաթափության վրա ազդող մյուս գործոնը շրջակա միջավայրի տոքսիններն են: Եղած տվյալները վկայում են, որ քաղաքներում ապրող մարդկանց մազերն ավելի ուժեղ են թափվում օդում առկա ծխի, կապարի, նիկելի եւ ծծմբի երկօքսիդի պատճառով:

Սնունդ

Բացի այդ, մազերի վիճակի վրա ազդում է նաեւ սննդի որակը: Տեխասի Բայորի բժշկական համալսարանի գիտնականները պնդում են, որ ճաղատության վտանգը մեծացնում է մարդկանց առօրյա սննդակարգում սպիտակուցի, ցինկի եւ վիտամին D-ի պակասը:

Ծխելը

Մազերի վիճակի վևա կարող է ազդել նաեւ ծխելը, ինչը վատացնում է արյան շրջանառությունը:

Այլ խնդիրներ

Սխալ խնամքը (շատ չորացնելը, չափից շատ գունաթափումը, մազերի արհեստական երկարացումը) նույնպես կարող է մազաթափության հանգեցնել: Բայց կան նաեւ այլ խնդիրներ՝ օրինակ հորմոնալ փոփոխությունները, վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրները, աուտոիմունային հիվանդությունները:

Նյութի աղբյուրը՝  NEWS.am Medicine