Ողբերգություն Կեմերովոյում. Անհետ կորել է մի ամբողջ դասարան

 

ՌԴ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհի մասին ահազանգը հրշեջ ծառայությունը ստացել է կիրակի ցերեկը։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով, ներկայումս զոհվել է 53 մարդ, տասնյակներներն էլ այդ թվում՝ երեխաներ, համարվում են անհետ կորած։

Պատմում են ականատեսները

Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնի հրդեհի ականատեսները պատմել են տասնյակ մարդկանց կյանք խլած ողբերգության մասին։

Աննա Զարեչնեւան, որը հարազատների հետ կինոթատրոնում է եղել, իր Ինստագրամի էջում գրել է, որ մարդկանց տարհանում չի կազմակերպվել, իսկ հրդեհի ազդանշանները չեն աշխատել։

«Սեանսի կեսերին դռները բացվեցին, եւ դրսից լսվեց բղավոց. «Հրդե՛հ, հրդե՛հ»։ Սեանսը չընդհատվեց, դահլիճում լույսերը չվառվեցին։ Ազդանշաններ չէին լսվում։ Ամբոխը փախչում էր մի նեղ դռնով։ Երկրորդ ելքը չգիտես ինչու չբացեցին (պարզ չէ, կա՞ր երկրորդ ելք), դռան երկրորդ փեղկն էլ չբացվեց»,–գրել է նա։

Զարեչնեւայի խոսքով, առեւտրի կենտրոնում խուճապ է սկսվել, մարդիկ շտապել են ցած իջնել, արդյունքում հրմշտոց է առաջացել։ Կինը նաեւ նշել է, որ կենտրոնի մի քանի այցելուներ, իմանալով, որ կինոդահլիճում երեխաներ են մնացել, փորձել են նրանց մոտ հասնել։

Մեկ այլ ականատես էլ՝ Դմիտրի Խոչոշավցեւը kp.ru–ին տված հարցազրույցում եւս հայտնել է, որ կինոդահլիճի դռներն արգելափակված են եղել, այդ պատճառով էլ մարդիկ չեն կարողացել դուրս գալ, իսկ մի քանիսն էլ դուրս են նետվել պատուհանից. «Ադմինիստրացիայի կողմից ոչ ոք չնախազգուշացրեց հրդեհի մասին, ոչ մի ազդանշան, ոչինչ։ Նույնիսկ առաջին հարկի տարհանման դռներն էին փակ։ Ես մինչեւ հիմա չեմ հասկանում՝ ինչպես մեզ հաջողվեց դուրս գալ այդ կրակի թակարդից»,–պատմել է նա։

Անհետ կորել է Տրեշեւսկի ավանի մի ամբողջ դասարան

Կեմերովոյի մարզի Տրեշեւսկի ավանի 5Ա դասարանի աշակերտներից վեցի մասին մինչ այժմ տեղեկություն չկա։ Այս մասին պատմել է տեղի միջնակարգ հանրակրթական դպրոցի քարտուղարը։

Դպորցականները դասղեկի հետ միասին Կոմերովո էքսկուրսիայի էին գնացել։ Ծնողները որոշել էին նրանց խրախուսել լավ սովորելու համար եւ շնորհավորել արձակուրդների առաջին օրը։

Հայտնի է, որ հրդեհի պահին երեխաները «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի կինոդահլիճներից մեկում մուլտֆիլմ են դիտել։ Մոտավորապես ժամը հինգին երեխաներից մեկը զանգահարել է հորաքրոջը եւ հայտնել, որ շենքը այրվում է, իսկ իրենք չեն կարողանում դուրս գալ։ Նախնական տվյալներով, դասղեկին հաջողվել է փրկվել։ Նա չի գնացել մուլտֆիլմ դիտելու եւ որոշել է զբոսնել առեւտրի կենտրոնում։

ՌԴ Քննչական կոմիտեն հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել է 4 մարդու

Քննիչները ձերբակալել են «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնը կառավարող ընկերության ղեկավարներին։

«Քրեական գործի շրջանակներում կալանավորվել եւ հարցաքննվել է 4 մարդ, այդ թվում՝ վարձակալության հանձնած այն տարածքի սեփականատերը, որտեղ գտնվել է հրդեհի էպիկենտրոնը»,–հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառ կարող էին լինել էլեկտրացանցի թերությունները: Դրանք կարող էին չդիմանալ մեծ ծանրաբեռնվածությանը եւ հնարավոր է՝ լարման անկումներից պաշտպանության բարձր աստիճան չեն ունեցել

Իրավապահ մարմինների աշխատակիցները կալանավորել են առեւտրի կենտրոնի սեփականատեր Նադեժդա Սուդենոկին, հրդեհային անվտանգության համար պատասխանատու ընկերության ղեկավարին։

Անհետ կորածներից հինգին ողջ են հայտնաբերել

Կեմերովոյի ոստիկանությունը հայտնաբերել է հինգ մարդու, որոնք համարվում էին անհետ կորած։ Ներկայումս ոստիկանների օպերատիվ–որոնողական աշխատանքների արդյունքում 64 անհետ կորած մարդկանցից հինգը հայտնաբերվել է, նրանց թվում՝ 3 անչափահասներ, մի աղջիկ եւ մի երիտասարդ։ Հետագայում պարզվել է, որ նրանք ողբերգության վայրում չեն եղել։ Ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները։