Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհից հետո բժիշկների օգնությանն է դիմել եւս 8 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատիվ շտաբին:

Այսպիսով, տուժածների թիվը հասել է 76-ի, որոնց թվում 27-ը երեխաներ են: Քաղաքի բժշկական հաստատություններում շարունակում է մնալ 14 մարդ, եւս 62-ին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն:

ՌԴ ԱԻՆ Կեմերովոյի մարզի գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Մամոնտովն իր հերթին նշել է, որ ներկայումս ճանաչվել է զոհվածների 27 մարմին, 4 ճանաչված մարմին ՌԴ ՔԿ-ն ուղարկել է լրացուցիչ հետազոտման:

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհը սկսվել է մարտի 25-ին: Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Քննիչների վարկածով՝ բռնկման առավել հավանական պատճառը էլեկտրահաղորդալարերի անսարքությունն էր: Քրեական գործը քննվում է երեք հոդվածով, այդ թվում՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման:

Քննիչները պնդում են, որ «Զիմնյայա վիշնյայում» չեն գործել վթարային ելքերը, ինչպես նաեւ հրդեհի ազդանշանային համակարգը: Մեղադրանքներ են ներկայացվել 5 մարդու: