Մարզիկ Արսեն Խաչատրյանը կնոջ եւ մանկահասակ երեխաների հետ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում է եղել, երբ բռնկվել է խոշոր հրդեհը:
NEWS.am-ի հետ զրույցում Կեմերովոյում բնակվող Արսեն Խաչատրյանը պատմեց, որ մարտի 25-ին ընտանիքի հետ գնացել էին բոուլինգ խաղալու, բայց տեղ չէր եղել, որոշել էին ֆիլմ դիտել:
«Բարձրացանք 4-րդ հարկ, մոտեցանք դրամարկղին, որ տոմսերը վերցնենք, հենց այդ պահին նկատեցինք, որ ժողովուրդը սկսեց վազել: Սկզբում ինձ թվաց, որ ֆիլմից են ուշանում, նույնիսկ կնոջս ասացի՝ արի շուտ առնենք, որովհետեւ կինոյից ուշացանք, մեկ էլ տեսա, որ ծուխ է դուրս գալիս: Մեր դիմաց երկու փոքր երեխա կար, ծնողներն էին կորցրել, արագ էդ երկու երեխային էլ ենք գրկել ու բոլորով իջել ենք ներքեւ: Հանեցի դուրս բոլորին, ինքս հետ եկա, մեքենան հանեցի, էլի երեխաներ կային, իրենց էլ ինձ հետ դուրս բերեցի շենքից: Որ նորից ուզում էի հետ գնալ, արդեն ամբողջը ծխով էր լցված, ներս չկարողացա մտնել: Մարդիկ վերեւի հարկերից ստիպված պատուհաններից էին իրենց գցում»,- մանրամասներ պատմեց Արսեն Խաչատրյանը:
Ականատեսի խոսքով, հրդեհը միանգամից է բռնկվել՝ երեխաների համար նախատեսված խաղահրապարակում, որտեղից էլ այն տարածվել է. «Մեր կարատեի ֆեդերացիայից երկու երեխա՝ քույր եւ եղբայր, այդ սենյակում են եղել, հրդեհի հետեւանքով, ցավոք, մահացել են: Կինոսրահներն էլ հենց այդ սենյակի մոտ են եղել: Դեռ պարզ չէ, թե որն է եղել հրդեհի պատճառը, բայց նախնական ասում են, որ այդ շենքում նախկինում հրուշակեղենի արտադրամաս է գործել, հետո դարձրել են առեւտրի կենտրոն, բայց ինչ-որ թունավոր նյութեր են մնացել, դրանից է, որ հրդեհն այդքան արագ տարածվել է»:
Հիշեցնենք, որ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր 2018թ.-ի մարտի 25-ին: Հրդեհի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 64 մարդ է մահացել, այդ թվում՝ 41 երեխա: