Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը վիրավորված է Հայաստանի մշակույթի նախարարությունից: Բանն այն է, որ այսօր կայանալիք «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը, որն ամփոփելու է արտիստների՝ 2017 թվականի ձեռքբերումները, «Նոր Ալիք 2017» մրցույթում առաջին եւ երկրորդ պատվավոր հորիզոնականները զբաղեցրած Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Սյուզաննա Մելքոնյանն ու Էռնա Միրը, ոչ մի անվանակարգում ընդգրկված չեն:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ նախարարությունից իրեն տեղեկացրել են, որ մրցանակաբաշխությանն ընդգրկվելու համար արտիստները պետք է նախապես ծանոթանային մրցանակաբաշխության կայքէջին եւ մասնակցության հայտ ներկայացնեին.
«Որպես արտիստ՝ ես շատ վիրավորված եմ: Նման մի քանի դեպք էլի եղել է «Նոր Ալիք» մրցույթից հետո: Ես, իհարկե, շատ շնորհակալ եմ Ռիտա Ալեքսանդրովնային մեր հաղթանակը գնահատելու համար, բայց մշակույթի նախարարության կողմից նման վերաբերմունքի արժանանալը վիրավորական է: Ինձ ուղարկել են այդ հայտի օրինակն, ինչն ուղղակի ծիծաղելի էր: Եվ միայն այդ ժամանակ տեղեկացա, որ նախապես պետք էր ինչ-որ հայտ ներկայացնել, ասացին, որ պարտավոր էի հետեւել իրենց էջին: Ինչո՞ւ պետք է արտիստն ինքը ինչ-որ հայտ լրացնի, որպեսզի իր ձեռքբերումները գնահատեն: Դա նույնն է, որ չանդրադառնան, օրինակ, սպորտային ձեռքբերումներին: Իհարկե, պարգեւներով ինձ համար ոչինչ չի սկսվում եւ ավարտվում, բայց երբ տեսնում ես, թե ինչպես են այլ երկրներում գնահատում իրենց ներկայացուցիչներին, ուղղակի վիրավորվում ես: Մի՞թե ես պետք է խնդրեմ, որպեսզի ինձ գնահատեն: Սա ուղղակի վիրավորական է արտիստի երաժշտական գործունեության համար»,-եզրափակեց երգչուհին:
Տեղեկացնենք, որ «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունը կկայանա այսօր երեկոյան՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս տարի այն կանցկացվի երկրորդ անգամ:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE