«Կյանքումս ամենամեծ պատասխանատվությունը զգացել եմ Ապրիլյան քառօրյայի օրերին»: Ապրիլյան քառօրյայի մասնակից, «Դիրքապահ» ՀԿ-ի ղեկավար Մանուել Մանուկյանը NEWS.am-ին պատերազմից 2 տարի անց պատմեց Քառօրյա պատերազմի, իր զգացողությունների եւ ձեռք բերած փորձի մասին:

«Պատերազմից 2 տարի է անցել, բայց անընդհատ դիրքի տղերքին եմ հիշում, հիշում եմ էն խոսքերը, որ իրենց ասում էի, էն զգացողություններն էի հիշում , որ անկախ ամեն ինչից, մենք էինք այդ պահին կատարվող ամեն ինչի տերը եւ պատասխանատուն, մենք հույսներս մեզ վրա էինք դրել: Ես այդ օրերը համարում եմ իմ կյանքի ամենամեծ պատասխանատվություն կրած օրերը: Ես իրոք կյանքում նման պատասխանատվություն երբեք չէի զգացել: Փառք Աստծո, որ մեր դիրքում կորուստներ չենք ունեցել, բայց շատ ծանր օրեր ենք ունեցել, ամեն մի թեթեւ մանրուք մեզ համար խիստ կարեւոր է եղել, եւ երեւի դա էր պատճատը, որ մեր դիքում զոհեր չեղան»,- հիշում է Մանուել Մանուկյանը:

Մանուելը մեկուկես տարվա ծառայող էր, դիրքի ավագ եւ դասակի հրամանատարի պաշտոնակատար, երբ սկսվեց Քառօրյա պատերազմը. ասում է այդ օրը` ապրիլի 2-ին վաղ առավոտյան, հակառակորդի կրակոցները շատ ուժգնացան, երբեք այդպես չէր եղել:

«Պատերազմը սկսվեց ապրիլի 2-ին, առավոտ շուտ` 6-ն էր համարյա, այսինքն շատ-շատ ավելացան կրակոցները, մինչեւ այդ նման բան չէր եղել: Հետո ինձ զանգեցին, զեկուցեցին, որ պատերազմական գործողություններ են եւ առաջնագծի այլ հատվածներում ավելի ոժեղ մարտեր են ընթանում, նույնիսկ թշնամին մարտական դիրքեր էր մտել: Դիրքի անձնակազմով անմիջապես անցանք պաշտպանության: Մեր հարեւան դիրքում կար տարածք, որը բավականին վտանգավոր էր, ու հավանական հարձակման վտանգ կար: Ես ու իմ փոխարինողը առանց տեղեկացնելու գնացինք, որպեսզի հակառակորդին ցույց տալու համար, որ այդտեղ նույնպես մարդ կա, եւ այդ տարածքից կրակ վարեցինք հակառակորդի ուղղությամբ, որ այդ ուղղությամբ չհարձակվեին: Այդ տարածքը բավականին վտանգավոր էր, որովհետեւ ոչ ոք չէր գնացել, ոչ ոք չէր ուսումնասիրել, սակայն այլ տարբերակ չկար եւ մենք ռիսկի դիմեցինք ու թշնամին` խաբնվեց: Թշնամու ոչ մի հարձակում մեր ուղղությամբ բարեհաջող չի եղել, ու մենք շատ լավ մինչեւ երեկո պաշտպանվեցինք, այնուհետեւ երեկոյան այլ մարտական դիրք տեղափոխվեցինք, այնտեղ ավելի մեծ ուժերով էինք պաշտպնվում», մանրամասներ է հիշում Քառօրյային մասնակիցը:

Մանուել Մանուկյանը պատմեց, որ Քառօրյային նաեւ մասնակցել են այդ ժամանակ ծառայության մեջ գտնվող իր հարազատ եղբայրը եւ հորեղբայրը, որը որպես կամավոր էր մեկնել:

Առաջնագիծը պահող տղաներին Քառօրյայի մասնակիցը մաղթեց, որ ուժեղ, համարձակ, դիմացկուն լինեն, քանի որ իրենք իրենց ուժերով են պահելու դիրքը, հայրենիքը. «Կմաղթեմ, որ լինեն ընկերասեր, օգնեն մեկը մյուսին եւ հաստատ համոզված եմ, որ ցանկացած խոչընդոտ կհաղթահարվի»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջեւ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ապրիլի 6-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարարը հայտնում է, որ կրակը դադարեցնելու մասին ապրիլի 5-ին Մոսկվայում պայմանավորվել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերը: