Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի այգու՝ Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքարի մոտ, ապրիլի 1-ի երեկոյան ոմմավառություն է տեղի ունեցե, որին ներկա է եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի այգում երիտասարդները կատարել են ՀՀ օրհներգը, նրանց է միացել նաեւ նախարար Սարգսյանը:
Նա իր խոսքում նշել է, որ ապրիլյան պատերազմի հիմնական դասն ու խորհուրդը նրանում է, որ պատերազմները ոչ սկսվում, ոչ ավարտվում են ստորագրված փաստաթղթերով կամ կնքված պայմանագրերով, դրանք երկար դարերով եկած պայքար են՝ ժողովրդի պայքար, որը միշտ արարել է իր հողում, արարել որպես առաջին քրիստոնյա պետություն, որպես ուրույն արժեհամակարգ կերտած ժողովուրդ:
«Ղարաբաղյան պատերազմը եւ արցախյան պայքարը ընդամենը մեկ դրվագ է մեր շատ ավելի երկար պատմության, եւ ապրիլյան պատերազմի հիմնական դասն այն է, որ մենք պետք է այդ պայքարն ընդունենք որպես կենսակերպ, եւ ոչ որպես մեկ մարտ կամ մեկ պատերազմ, որը ավարտվում է ժամանակի մեջ խաղաղության պայմանագրով, իսկ ամենածանր, ամենադժվար պատերազմն անգամ ավարտվում է կնքված փաստաթղթերով, պայմանագրերով, այլ՝ կենսակերպ: Եվ այդ կենսակերպը հենց ազգ-բանակ լինելու կենսակերպն է, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում»,- նկատել է նախարար Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինուժը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։ Ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները: