Կառավարության այսօրվա՝ ապրիլի 5-ի նիստում վարչապետ Կարեն Կարապեըյանը հայտարարեց, որ մոտ օրերին իր գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացնելու:
«Սահմանադրության պահանջից ելնելով մոտակա ժամանակ մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարականը: Օգտվելով առիթից ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար:
Չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք»,-հայտարարեց նա:
Նշենք, որ ապրիլի 9-ին, ՀՀ գործող նախագահի լիազորությունների ավարտի օրը ԱԺ հատուկ նիստում իր լիազորությունները կստանձնի ՀՀ 4-րդ նախագահը՝ Արմեն Սարգսյանը: Նույն օրը Կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական կտա: Ապրիլի 17-ին ԱԺ-ում կընտրվի նոր վարչապետ, ապա կձեւավորվի նոր կառավարություն: