Որեւէ մեկը չի կարող ժխտել Հայկազ Բաղմանյանի ձեռքբերումները, նա բավականին պիտանի անձնավորություն է պաշտպանության համակարգում։ NEWS.am—ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես բնութագրեց ՊՆ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին՝ վերջինիս ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակվելու կապակցությամբ։ Մինչդեռ ամիսներ առաջ, երբ Հայկազ Բաղմանյանը ազատվել էր ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ Բաղմանյանի որակները չեն համապատասխանում խաղի նոր կանոններին։
Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ շարունակո՞ւմ է պնդել, որ Հայկազ Բաղմանյանի որակները չեն համապատասխանում պաշտպանության խաղի կանոններին եւ ամբողջությամբ համահունչ են ՀԱՊԿ–ի խաղի կանոններին, ՀՀԿ–ականը պատասխանեց. «Նոր նախարար, նոր պահանջներ էին.... որեւէ մեկը չի կարող ժխտել Հայկազ Բաղմանյանի ձեռքբերումները, նա բավականին պիտանի անձնավորություն է համակարգում եւ նրա ուժերը օգտագործվում է մեկ այլ ոլորտում»։
Մեր հիշեցմանը, որ նախարար Վիգեն Սարգսյանն էր հենց հայտարարել, որ Բաղմանյանը ազատման դիմում է գրել նախարարի հորդորով թույլ տված թերացումների պատճառով, պատգամավորը արձագանքեց. «Տարբեր թիմեր են, տարբեր պահանջների ու մոտեցումների մեջ հակասություն կարող է լինել։ Ես նորից եմ կրկնում՝ նույնիսկ Ազգային ժողովում կամ ցանկացած ոլորտում կարող է լինել տարբեր մոտեցում։ Նույն թիմի անդամ լինելը չի նշանակում ունենալ նույն մոտեցումները»։