Վարդան Մինասյանը դարձյալ նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՀՖՖ կայքը։
Ապրիլի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում է եղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակման հարցը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն առաջարկել է քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ են արտահայտվել ներկայացված թեկնածության վերաբերյալ եւ Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Երեւանի «Փյունիկը» գլխավորող Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվել են նաեւ այլ հարցեր:
Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է նաեւ 2009-2013 թվականներին։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաեւ «Փյունիկում» (2008-2013) ու ղազախական «Տոբոլում» (2014-ին)։ Վերջին շրջանում Մինասյանը զբաղեցնում է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Վարդան Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում եղել է թիմի պատմության մեջ ռեկորդային 34-րդ տեղում (2013 թվականի նոյեմբերին)։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Արթուր Պետրոսյանի հրաժարականից հետո մնացել էր առանց գլխավոր մարզիչի: