Lragir.am-ը գրում է.

Ապրիլի 11-ին, Ադրբեջանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու: Ընտրությունները նշանակված էին այս տարվա հոկտեմբերին, բայց Ալիեւն անսպասելի 6 ամսով առաջ է բերել: Փորձագետները պնդում են, որ Ալիեւի մտահոգություններն ավելի քան ծանրակշիռ էին՝ ելնելով դինամիկ աշխարհքաղաքական փոփոխություններից:
Եվ այնուամենայնիվ, ինչու՞ է Ալիեւն ընտրություններ նշանակել հենց նույն շաբաթ, երբ Հայաստանում իշխանություն է փոխվում: Ապրիլի 9-ին ավարտվել է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը: Իշխանությունն անցնելու է վարչապետին, ում ընտրելու են հաջորդ շաբաթ: Այսինքն, այս շաբաթ Հայաստանում ամբողջական ձեւավորված իշխանություն չի լինելու:
Ավելին, դեռ հայտնի չէ, թե Հայաստանի ու Արցախի անունից ով է մասնակցելու ղարաբաղյան կարգավորման բանակցություններին եւ արդյոք պահպանվելու է գործող ձեւաչափը: Սահմանին անվտանգության ամրապնդման միջոցառումներ ձեռնարկվելու՞ են, Հայաստանը պնդելու՞ է, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին եւ պե՞տք է սահմանին սադրանքներ սպասել:
Վերջին մի քանի օրերին սահմանին անհանգիստ էր: Նախ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց Նախիջեւանի կողմից հակառակորդի ագրեսիվ գործողությունների մասին, Տավուշում կրակոցներ եղան: Հետո հայտնի դարձավ, որ Արցախում զինվոր է զոհվել:
Միեւնույն ժամանակ, անցած շաբաթ Հայաստանի զինված ուժերի երկրորդ բանակային կորպուսի ստորաբաժանումները չպլանավորված վարժանքներ են անցկացրել: Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի խոսքով, առաջին անգամ վարժանքները առաջնագծի մոտ են անցկացվել՝ անմիջապես պաշտպանական տեղամասում: Մարտական կրակի ժամանակ մշակվել է լեռնային պայմաններում մարտական գործողությունների սցենարը:
Վարժանքների սցենարի համաձայն՝ Հայաստանի զինված ուժերը կանխել են հակառակորդի անսպասելի հարձակումը, ոչնչացրել վերջինիս ստորաբաժանումները՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ: Ընդ որում, դրա նպատակը Սոթք-Քարվաճառ ճանապարհի եւ Քարվաճառի բնակչության անվտանգության ապահովման գործողության մշակումն էր: Զորավարժություններին ներգրավվել են Հայաստանի ԶՈւ ավիացիոն ստորաբաժանումները, այդ թվում՝ Մի-24 ուղղաթիռները եւ Սու-25 ինքնաթիռները:
Բանակը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած շրջադարձի, բանակի գործողությունները որոշվում են քաղաքականությամբ: Հայաստանի իշխանությունները պետք է հստակ որոշեն իրենց քայլերը: Նոր իշխանությունները ինչպե՞ս են պատկերացնում ղարաբաղյան կարգավորումը, թե՞ բանակցային գործընթացն ինքնին նպատակ է:
Արմեն Սարգսյանը նշել է, որ խնդրի կարգավորման համար պետք է քաղաքական կամք խաղաղության ու համաձայնության հասնելու համար: Հայաստանն իր կողմից հնարավոր ամեն բան անում է խաղաղության հասնելու համար եւ ակնկալում է, որ ադրբեջանական կողմը եւս նույն կերպ կվարվի:
Իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախի ճանաչման գործընթաց կարող է սկսվել, Սերժ Սարգսյանը նշել է, որ ճանաչումը ենթադրում է անվտանգություն, եւ երբ այն երաշխավորվի, Հայաստանն առաջինը կճանաչի Արցախի անկախությունը: Հիմա, սակայն, ճանաչումը կնշանակի բանակցություններից հրաժարում: Սարգսյանն ասել է, որ գլխավորը Բաքվի կողմից ճանաչումն է:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am