Ապրիլի 14-ին Սիրիայի ուղղությամբ կոալիցիայի արձակած հրթիռների ընդհանուր թիվը գերազանցել է 100 միավորը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Սիրիայի Արաբական Հանրապետության ռազմական և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի օդային ու ծովային կրիչներով արձակվել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» տեսակի հրթիռներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հարվածին արձագանքելու համար գործի են դրվել Սիրիական հակաօդային պաշտպանության միջոցներ՝ Ս-125, Ս-200, «Բուկ» և «Խորանարդ» համակարգերը, որոնք ավելի քան 30 տարի առաջ արտադրվել էին Խորհրդային Միությունում։
Ռուսական զինվորականների տվյալներով՝ սիրիական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին հաջողվել է խոցել կոալիցիայի հրթիռների զգալի մասը։
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ Սիրիայում տեղակայված ռուսական բանակի հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերը մարտի մեջ չեն մտել, քանի որ կոալիցիայի հրթիռներից ոչ մեկը չի ընկել իրենց պատասխանատվության գոտի համարվող տարածքում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարվածներն իրականացվել են Մոսկվայի ժամանակով 03։42-ից մինչեւ 05։10-ը։ Նրանց թիրախներն են դարձել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հրթիռները բաց են թողնվել ԱՄՆ-ի ինքնաթիռներից եւ նավերից, հարված են հասցրել նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, հրթիռային հարվածները շարունակվել են 50 րոպե:
Մինչ այդ արեւմտյան կոալիցիայի հարվածները սիրական օբյեկտներին մեկնաբանել են Ռուսաստանի ԱԳՆ-ում: Առաջիններից մեկը խոսել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը: Նա հիշեցրել է, որ Մոսկվան զգուշացրել է, որ անհետեւանք չի թողնի նման գործողությունները:
Այսօր՝ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան օդային հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական ուժերի օբյեկտներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենց գործողությունները ուղիղ պատասխանն են այն բանի, որ Ռուսաստանն ունակ Բաշար Ասադին հետ պահել քիմիական զենքի կիրառումից:
Միաժամանակ Մարդու իրավունքների մոնիտորինգային կենտրոնը, որը գտնվում է Լոնդոնում, հաղորդում է, որ առաջնահերթ թիրախների շարքում են Հանրապետական գվարդիայի եւ Սիրիայի բանակի 4-րդ դիվիզիայի ստորաբաժանումների տեղակայման վայրերը: Դրանք համարվում են Ասադի բանակի էլիտար ստորաբաժանումները:
Թրամփը հայտարարել է Սիրիայում «կետային հարվածներ» հասցնելու սկզբի մասին
ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան 30 հրթիռ են արձակել Սիրիայում. թիրախները երեքն են եղել (Ֆոտո)