Ռուսաստանը լրջագույնս դատապարտում է Սիրիայի վրա հարձակումը, որտեղ ռուսական զինվորականներն օգնում են երկրի օրինական կառավարությանն ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իր գործողություններով ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը Սիրիայում, խաղաղ բնակիչներին տառապանքներ պատճառում, ըստ էության խրախուսում ահաբեկիչներին, որոնք 7 տարի է տանջում են սիրիացի ժողովրդին, նպաստում այս երկրից փախստականների նոր ալիքի տարածմանը։ «Այս էսկալացիան Սիրիայում ավերիչ ազդեցություն կունենա ամբողջ միջազգային հարաբերությունների համակարգի վրա։ Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում, եւ այն Վաշինգթոնի վրա արդեն իսկ ծանր պատասխանատվություն է դրել Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի հետ արյունոտ հաշվեհարդար տեսնելու համար։ Ռուսաստանն ԱՄՆ-ի եւ դաշնակիցների ագրեսիվ գործողությունները քննարկելու համար ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի»,-նշված է հայտարարությունում։
Պուտինը հավելել է նաեւ, որ ԱՄՆ-ի եւ դաշնակիցների հարվածներն իրականացվել են առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների, ՄԱԿ կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտմամբ։ Նա այս գործողություններն անվանել է «ագրեսիա ինքնիշխան պետության դեմ, որը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջին գոտում»։
Նա ընդգծել է, որ Քիմիկանան զենքի արգելման կազմակերպությունը Սիրիա էր ուղարկել իր մասնագետներին հանգամանքների պարզման համար։ «Բայց արեւմտյան երկրների խումբը ցինիկաբար անտեսեց սա՝ ձեռնարկելով ռազմական ակցիա՝ չսպասելով հետաքննության արդյունքներին»,-նշված է հայտարարության տեքստում։