Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում այս պահին վստահաբար սադրիչ գործողություններ են ընթանում: Քիչ առաջ այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում փոխանցեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա հիշեցրեց, որ այսօրվա հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը իրենց կողմնակիցներին տուն է ուղարկել՝ վաղը հանդիպելու ծրագրով,իսկ նշված փողոցում, պատգամավորի խոսքով, սադրիչ գործողություններ են ընթանում. «Մենք զգուշացնում էինք, որ սադրիչներ կհայտնվեն, հիմա իրենք կինո են նկարում, որպեսզի հետո ցույց տան»:

Միրզոյանը ասաց, որ ՔՊ-ից չեն պատրաստվում մեկնել դեպքի վայր:

Քիչ առաջ տեղեկացրել ենք, որ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում մի խումբ երիտասարդներ անկարգություններ են հրահրել, նրանք կոտրել են նստարաններ, գովազդային վահանակները, շրջել՝ լուսացույցներ։

Ուշագրավ է, որ նրանց գործողություններից հինգ րոպե անց ոստիկանական մեքենաներ են ժամանել, որոնց ուղղությամբ նույն անկագրություններ անող ցուցարարները քարեր են նետել: Սրան հաջորդել է պատասխան գործողություն: Ոստիկանության ուժերը դուբինկաներով հարձակվել են նրանց վրա։Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ անձինք սադրիչներ էին, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հիշեցնում էր։ Նշենք նաև, որ այս պահին Ֆրանսիայի հրապարակը բաց է։