ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում եւ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված եւս երեք քրեական գործեր:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսպես, քրեական գործերից մեկի նյութերով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ պատգամավորների եւ այլ անձանց կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 30-րդ եւ 31-րդ հոդվածներով նախատեսված՝ հավաքի կազմակերպչի եւ մասնակիցների՝ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու իրենց վրա դրված պարտականությունները, վնասելով Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երեւանի պետական համալսարանի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Այնուհետեւ, տեւական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, որի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:
Վարույթ ընդունված մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից` օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Կորյուն 10 հասցեում գտնվող Երեւանի հենակետային բժշկական քոլեջի մուտքի դուռը, ներխուժել եւ տեւական ժամանակ գտնվել են շենքում, խանգարել ուսումնական գործընթացը եւ խախտել քոլեջի բնականոն աշխատանքը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված եւս մեկ քրեական գործի նյութերով էլ պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավորների եւ այլ անձանց կողմից` օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայով շարժվել են դեպի ՀՀ ԱԺ վարչական շենք, որի ընթացքում քաշքշելու, հրելու եւ տարբեր իրեր նետելու միջոցով բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Հավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների կողմից բռնություններով զուգորդված անօրինական գործողությունների հետեւանքով խախտվել է հասարակական կարգն ու վտանգվել հասարակության անվտանգությունը:
Կատարվում է նախաքննություն: