Երեկ ողջ օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, բանակի ղեկավարությունը սկսեցին խոսել անվտանգության հարցերում Երեւանում ծավալված ժողովրդական շարժման վտանգավորության մասին: Հրապարակվեց նաեւ տեսանյութ, թե ինչպես է Ադրբեջանը զորքի տեղաշարժ ու կուտակումներ անում սահմանին:
Հայաստանի ժողովուրդը սովոր է արդեն նման երեւույթների, հատկապես ներքաղաքական ակտիվության շրջանում, երբ Հայաստանի իշխանությունը սկսում է շանտաժի ենթարկել սահմանի իրավիճակով ու Ադրբեջանով:
Հնարավոր է՝ Ադրբեջանն իսկապես կուտակումներ է անում, եւ դա բնական է՝ սահմանին կիսապատերազմական իրավիճակ է, զորքի տեղաշարժը նման իրավիճակում տրամաբանական է: Եվ ռազմաքաղաքական ղեկավարության պարտականությունն է զբաղվել դրանով, ոչ թե շանտաժի ենթարկել հանրությանը:
Մյուս կողմից, ադրբեջանական ԶԼՄ-ներում առկա է ուշագրավ անհանգստություն Երեւանում ծավալվող թավշյա հեղափոխությունից: Եվ սա էլ բնական է՝ այդ շարժման արդյունքում Սերժ Սարգսյանը կարող է հեռանալ իշխանությունից, եւ ընդհանրապես, կարող է փոխվել իշխանությունը:
Ավելին, Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարական երկիր, ինչը ռազմականից հետո Ադրբեջանի նաեւ քաղաքական պարտությունն է: Ադրբեջանը դա տեսել է ու դրանում համոզվել է 1990-ականների սկզբին:
Հայաստանը հետագայում կորցրեց իր այդ առավելությունը, երբ երկրում իշխանություն հաստատեց քրեա-օլիգարխիան ու կրիմինալը: Ադրբեջանին հենց նման իշխանություն է պետք Հայաստանում, որը ներսից քայքայում է երկիրը, մարդկանց մղում արտագաղթի, քանդում պետության ու անվտանգության հիմքերը:
Հիմա, Հայաստանում ծավալվող շարժումը կարող է վերջ դնել այս իրավիճակին, եւ Ադրբեջանն ու Հայաստանի իշխանությունը սարսափած են: Այս շարժումը Հայաստանի ու Արցախի փրկությունն է, այն քանդել փորձողները քանդում են Հայաստանի ապագան ու հեռանկարը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am