Հունիսի 14-ին տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը։ Արամ Խաչատրյան հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն հաղթող ճանաչվեց Ռումինիան ներկայացնող թավջութակահար Անդրեյ Իոնիցան։ Երկրորդ մրցանակը ստացավ Աննա Մորոզովան (Ռուսաստան)։ Ժյուրին սահմանել էր երկու երրորդ մրցանակ, որոնց արժանացան Ալեքսանդրա Պերլովան (Ռուսաստան) եւ Գայանե Խաչատրյանը (Հայաստան)։ Սահմանվել էին նաեւ մի շարք հատուկ մրցանակներ։ MIDEM classical and jazz worldwide-ի տնօրեն Կորնելիա Մուխը հատուկ մրցանակ հանձնեց Անդրեյ Իոնիցային՝ նրան հրավիրելով մասնակցել 2014 թ. փառատոնին: Նա դաշնակահար Արմեն Բաբախանյանին ու թավջութակահար Գայանե Խաչատրյանին եւս հրավիրեց մասնակցելու փառատոնին: Կորնելիա Մուխը շատ բարձր գնահատեց խաչատրյանական մրցույթի անցկացումը։ Նա կարեւորեց նաեւ ժյուրիի անաչառ եւ պրոֆեսիոնալ աշխատանքը։ Մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սահմանել է հատուկ մրցանակ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Այն շնորհվեց Լեւոն Առաքելյանին (Հայաստան): Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սահմանել էր հատուկ մրցանակ Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի լավագույն դաշնակահարին: Ժյուրիի որոշմամբ մրցանակը շնորհվեց Արմեն Բաբախանյանին եւ Արթուր Ավանեսովին: ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն էլ սահմանել էր հատուկ մրցանակ երկու հայ մասնակցի` Հակոբ Աթյանի եւ Միքայել Նավասարդյանի համար, որոնք 2013-2014թթ. համերգաշրջանի ընթացքում կմեկնեն ԱՊՀ երկրներ հյուրախաղերի: Արամ Խաչատրյան տուն թանգարանը, ըստ ավանդույթի, սահմանել էր մրցանակ Արամ Խաչատրյանի սոլո սոնատի լավագույն կատարման համար: Այն հանձնվեց Անդրեյ Իոնիցային (Ռումինիա): Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթը, որն այս տարի ուղղված էր երիտասարդ թավջութակահարների բացահայտմանը, մեկնարկել էր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը՝ հունիսի 6-ին, եւ անցկացվել է 3 փուլով։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում եւ անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի անցկացվել է նոր կարգավիճակում. այն մայիսին դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։   «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ