Ամեն ինչ ասված է, պետք չէ ժողովրդին գրգռել եւ ցնցումներ առաջացնել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
«Ապրիլի 23-ի իրադարձություններին ժողովրդի բուռն արձագանքն ու ցնծությունն ամեն ինչ ասել է։
Ժողովրդի՝ փոփոխության ցանկությունը միայն մեկ մարդու չի վերաբերում, այլ ամբողջ համակարգին, քաղաքական մենաշնորհին եւ արդար ընտրություններով նոր համակարգի ստեղծմանը։
Բոլորը պետք է հստակ գիտակցեն, որ իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը, պետք է կատարեն ժողովրդի ցանկությունը։ Դրա դեմ գնալու արդյունքում ստեղծված որեւէ անկանխատեսելի իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է գործող կառավարության ուսերին։
Հասկանալի է, որ ժողովրդի ցանկությունը պետք է իրականացվի բանակցություններով՝ Սահմանադրության եւ օրենքների շրջանակում, բայց իշխանությունը պետք է հստակ արձանագրի եւ երաշխավորի, որ գործընթացի վերջնարդյունքը պետք է համապատասխանի ժողովրդի պահանջներին։
Իզուր տեղը պետք չէ ժողովրդին գրգռել եւ ցնցումներ առաջացնել»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:
Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության: