ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Երեւանում:
Նա նշեց, որ մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որ Երեւանում կան առանց համարանիշների կամ համարանիշները փակած մեծ թվով ավտոմեքենաներ, որոնք անկանոն ձեւով վարում են եւ վտանգում մարդկանց:
«Կոչ եմ անում առժամանակ դադարեցնել Երեւանում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել Երեւանում երթեւեկության վերականգնմամբ: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն եւ փորձեն այս ամենը վերածել անվերահսկելի գործողության: Մենք պետք է առաջին հերթին զբաղվենք դրանով, որ նման երեւույթներ չլինեն: Իրավիճակը պետք է լինի վերահսկելի: Խոսքը միայն Երեւանի մասին է»,-ասաց Փաշինյանը:
Նա իր աջակիցներին կոչ արեց ինքնակազմակերպվել եւ թույլ չտալ ու նման մեքենաները երթեւեկեն. «Դա նույնն է, որ մենք ասում ենք, որ դիմակներով չպետք է մարդիկ մասնակցեն մեր հավաքներին: Այս հատվածներում ճռիկներ անողները դա անում են մեր շարժումը վարկաբեկելու համար: Ոչ մի առանց համարանիշի մեքենա չպետք է լինի փողոցում: Փողոցնեը փակելու ակցիան փոխարինում ենք առանց համարանիշների կամ փակած համարանիշներով մեքենաների խնդիրը լուծելու ակցիայով»: