Ես շնորհակալություն եմ հայտնել Սերժ Սարգսյանին, որովհետեւ այս երիտասարդական շարժումը բավական շատ էին եւ բավական կարեւոր որոշում ընդունեց Սերժ Սարգսյանը դրա համար ուրախացա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն՝ անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ ինքը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը փողոցում շնորհավորում էր ժողովրդին:

Հարցին, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ է Facebook-ի իր էջից հեռացրել Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական գրառումը, երբ վերջինս ընտրվել էր վարչապետ, Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Իմ Facebook-յան էջերը միշտ վարել են աշխատողները, ես տեղյակ չեմ եղել, որ ջնջել են, որի պատճառով բոլորն ազատվել են աշխատանքից»:

Հարցին, թե Տարոն Մարգարյանը չի՞ բարկացել, որ իր խորհրդականը դուրս է եկել փողոց ու կիսել իր ուրախությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի առիթով, Գոռ Վարդանյանն արձագանքեց. «Ես դուրս եմ եկել փողոց եւ կիսել եմ իմ ուրախությունը: Շնորհավորել եմ իրենց, որովհետեւ մեր ժողովուրդն է, մեր երեխաներն են, մեր քույրիկներն են ու եղբայրները, մեր հասարակությունը: Ի՞նչ վատ բան կա այդտեղ: Ստեղծվել է նոր երիտասարդական մեծ շարժում եւ գովելի է, որ այսքան շատ երիտասարդ դուրս է եկել փողոց: Եվ շատ կարեւոր էր, որ Սերժ Սարգսյանը չգնաց ծայրահեղ քայլերի: Ես ժողովրդական մարդ եմ, ես շփվում եմ բոլորի հետ, ցանկացած պահի դուրս եմ գալիս փողոց, կազմակերպում եմ սպորտային միջոցառումներ, ֆիլմեր եմ նկարում, դաստիարակում եմ, ուղղություն եմ ցույց տալիս», - նշեց նա:

Դիտարկմանը, որ այդ շարժումն ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ, նա ասաց. «Այդ մարդկանց հարցրեք, պահանջել են, ստացել են: Ես միշտ կողմ եմ եղել մարդկանց, որոնք ցանկացել են մի լավ բան անել մեր երկրի համար»: