YN.am-ը գրում է․
Հարցը Նիկոլը չի կամ մենակ Փաշինյանը չի
Նիկոլ Փաշինյանը իրեն արդեն փաստացի իշխանություն է կարծում: Ու Իրեն վանկարկող հարյուր հազարավոր քաղաքացիներն էլ են նույնը ուզում կամ կարծում: Ու շատ հնարավոր է, որ դա այդպես էլ լինի: Նա դառնա վարչապետ` թեկուզ ժամանակավոր: Հետո՝ էս ԱԺ-ն կցրվի, հետո՝ արտահերթ ընտրություն: Հետո էլ՝ կերևա:
Այս երկու-երեք օրը տարբեր մարդիկ, որ հաստատ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները չեն, գրում են, որ նա Զինված ուժերում չի ծառայել: Կասկածից վեր է, որ եթե նույնիսկ չի ծառայել, դա օրինական է: Սակայն հարցը Նիկոլ Փաշինյանը չէ կամ նրա՝ օրինական չծառայելը:
Հարցը նրա հետ նույն հարթակում կանգնող, ելույթ ունեցող հայտնի կամ հայտնիացող հասարակական, իրավապաշտպանական ճառողներն են: Էն մարդիկ, որ հեղափոխությունից առաջ միկրոսկոպով հետազոտում էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կամ մեկ ուրիշ պաշտոնավորի «ծառայած լինել-չլինելու» հանգամանքները, աղմկում: Հիմա, երբ հնարավոր է, որ պատերազմական վիճակում երկրի զինված ուժերի գգերագույն գլխավոր հրամանատար դառնա բանակում չծառայած քաղաքական գործիչը, նույն իրավապաշտպաններն ու հասարակականները ծպտուն չեն հանում: Եթե բան էլ ասեն, կասեն՝ դա զինվորականների գործն է: Կարծես թե, մինչ այս զինվորականների գործը չէր:
Ասում են՝ պայքարը ժողովրդավարության ու ազատության համար էր: Ու առաջին բանը, ինչ անում են՝ իրենց դուր չեկող մեկնաբանությունների ու մեկնաբանների «սև ցուցակ» կազմելն է: Դեռ իշխանություն չեն՝ նման բաներ են անում: Իսկ եթե դառնան, ինչ ուրիշ ցուցակներ են կազմելու: Գնդակահարությա՞ն, արտաքսելո՞ւ:
Ասում են՝ երկրի անվտանգության համար են անհանգիստ, բայց ասում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չդառնա, ավելի կխորանա քաղաքական ճգնաժամը, իրենք էլ ավելի մեծ թափով կշարունակեն խորացնել:
Հարթակից ասում են՝ սեր, հանդուրժողկանություն, այլևս ներհասարակական ատելության էջը փակված է: Բայց տեղում կամ հետո իրենց հեղափոխական ակտիվը մտնում է «Ֆեյսբուք» և ատելություն են փսխում բոլորի վրա․ ով ուրիշ կարծիք ունի կամ հարցեր է տալիս: Հեղափոխական ակտիվը հարցեր ու հարց տվողներին չի սիրում: Շեղում են հաղթանակից: Հակահեղափոխական են: Ռեժիմի ստրուկ:
Պատերազմական վիճակում գտնվող երկրում 10-20 օր է՝ համաժողովրդական շարժում է, հեղափոխություն է, զարթոնք է, բայց շատերը անհանգստացած են, անորոշության մեջ են, սպասման մեջ են, չգիտեն, թե ինչ կլինի հետո: Շատ հետո էլ չէ՝ 2, 4, 10 օր հետո: Իսկ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ասում է՝ ՀՀ քաղաքացին վստահ հայացքով է նայում իր ապագային: Ոգևորված են նայում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին, հավաքված բազմությանը, նույնիսկ կարող են ասել՝ վստահող հայացքով: Բայց մեծ անհանգստությամբ, թե՝ հետո ինչ է լինելու:
Հարցը Նիկոլ Փաշինյանը չէ: Հարցը քաղաքական անկայունությունն է, որ նավավարի փոփոխությունից բացի, կարող է պետության ամբողջ նավի վրա ծանր նստել, իր հեղափոխական ու հակահեղափոխական էլեմենտներով հանդերձ:
Ու էն զորավարն իրավացի էր՝ սթափվե՛ք, փոքր երկիր է:
Նյութի աղբյուրը՝ YN.am