ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Բա ինչ պիտի անենք: ՀՀԿ-ն կայացած, միասնական, ուժեղ պետականամետ, ազգային-պահպանողական, քաղաքական կուսակցություն է եւ բոլոր նրանք, ովքեր փորձում էին գուժել ՀՀԿ-ի վախճանը չարաչար սխալվում էին, Հանրապետականը եղել է, կա ու կլինի»,-ասաց նա:

Կրկին անդրադառնալով ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու հարցին, նա ասաց, որ դրանով իրենք խուսափում են առճակատումից:

«Վարչապետի թեկնածու առաջադրելով մենք խուսափում ենք առճակատումից, զոռբայությունից, Հայաստանը սեւ եւ սպիտակի բաժանելուց ենք խուսափում, խուսափում ենք անկայունությունից, անվտանգության մարտահրավեր ավելացնելուց ենք խուսափում, կարծում եմ` սա է ճիշտ ճանապարհը: Կար մի հատված, որ մեզ դեմ էր, եւ ինչքան պետք է այդ ցույցերը լինեին: Հիմա չեն ուզում` իրենց խնդիրն է, մենք չենք առաջադրում, մենք ասում ենք առաջնորդվելով պետության շահով անվտանգության մարտահրավերներով , ներքին կայունության անհրաժեշտությունից մենք չենք առաջադրվում, լավ է վատ է, ճիշտ է սխալ է ամեն ինչի պատասխանը կտա ժամանակը»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն էլ առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել:

Վարչապետը ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: