Երեկ ՀՀԿ-ականները տարաբնույթ հարցեր էին տալիս Նիկոլ Փաշինյանին, հընթացս երեւի փորձելով ցույց տալ շարժման վնասները պետությանը: Դրանցից մեկն արժանի է ուշադրության. տխրահռչակ Կարեն Ավագյանը հայտարարեց, թե «ապրիլի 21-25-ը արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների անցկացրած ակցիաները ազդել են Հայաստանի միջազգային հեղինակության վրա»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ընդհակառակը, Հայաստանի հեղինակությունը վերջին 15 օրվա ընթացքում աճել է և շարունակում է աճել:
Հայաստանն ազատության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության հասունության համատեքստում երբեւէ այսքան չի հիշատակվել միջազգային կառույցների, պետությունների ու ԶԼՄ-ների հրապարակումներում ու հայտարարություններում: Իսկ դա միանշանակ բարձրացնում է Հայաստանի ու հայ ժողովրդի հեղինակությունը, առավել եւս, որ Հայաստանում տեղի ունեցողն ունի միջազգային ահռելի ազդեցություն, որը պարզ կդառնա շուտով:
Հիմա գանք, ինչպես ասում են, «մեր ոչխարին»: Կարեն Ավագյանը երեւի Հայաստանի հեղինակություն ասելով նկատի ունի այն, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ժողովից առաջ այրվում են ՀՀԿ-ական հարյուրավոր երիտասարդներ փուչիկների մեջ լցրած սովորական գազի պատճառով, քանի որ ավելի թանկ ու անվնաս գազի փողը պարզապես կերել էին: Այդ ակցիան ղեկավարում էր Կարեն Ավագյանը, որն, ըստ մամուլի հրապարակումների, ահռելի քանակի անշարժ գույք ունի:
Հայաստանի հեղինակության մեկ այլ վկայություն էր այն, որ Սերժ Սարգսյանին ոչ ոք այդպես էլ չնորհավորեց վարչապետի պաշտոնին անցնելու համար, բացի եվրասիական ղեկավարներից: Եվ ընդհանրապես, շատերը գիտեն, որ Սերժ Սարգսյանը հեղինակության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ ոչ միայն արեւմտյան կառույցներում, այլեւ եվրասիական:
Կարելի է բազմաթիվ այլ հանգամանքներ էլ նշել, սակայն դրա կարիքը չկա: Կա մի բանի կարիք՝ Հայաստանի հեղինակության հետ խաղացողներին արագ մեկուսացնել իշխանությունից ու պետական կառավարումից: Ինչն էլ հիմա կատարվում է:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am


