Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ ասիացիներ պատրաստվում են դիմավորել Լուսնային նոր տարին՝ Օձի տարին։ Այս պահին ասիական տարբեր երկրներում անց են կացվում հրավառություններ, տոնախմբություններ ու ճաշկերույթներ։ Այս օրերին իրար են այցելում հարազատ ընտանիքներն ու բարեկամները։ 
 

Չինաստանի մի մեծ հատվածում այս օրերին սկսվում է նաեւ ամենամյա մեծ քոչը, երբ արտագնա աշխատանքի մեկնած հարյուր միլիոնավոր մարդիկ գնացքներով, ավտոբուսներով, օդանավերով ու նավերով վերադառնում են տուն՝ ընտանիքի անդամների հետ միասին նշելու 15 օր շարունակվող Նոր Տարվա տոնախմբությունները։ Չինացիներից շատերի համար սա նրանց միակ արձակուրդն է ամբողջ տարվա ընթացքում։

Մայրաքաղաք Պեկինում անց են կացվում տարբեր համերգներ, որոնց հրավիրված են աշխարհահռչակ այնպիսի կատարողներ, ինչպես կանադացի Սելին Դիոնը։ Նա այստեղ չինարեն լեզվով հանդես եկավ ՝՝Հասմիկ ծաղիկը՛՛ երգով։
Չինաստանում օձն ավանդաբար համարվում է իմաստնության, հարստության ու երկարակեցության խորհրդանիշ, սակայն այն ավելի քիչ բարեպատեհ է, քան Չինական կենդանակերպի 12 խորհրդանիշներից որեւէ մեկը։