Մայիսի 2-ի անհնազանդության աննախադեպ օրը եզրափակող հանրահավաքում ունեցած ելույթում, ներկայացնելով քաղաքական իրավիճակի արդեն հայտնի փոփոխությունը, Նիկոլ Փաշինյանը արեց կարեւոր հայտարարություն, որն առնչվում էր ոչ անմիջապես քաղաքական իրավիճակին, սակայն քաղաքական եւ քաղաքացիական փիլիսոփայությանն ու հեռանկարին:
Փաշինյանը հայտարարեց, թե քաղաքացիների, հանրության քաղաքական հաջողության գրավականը այն չէ, որ մարդիկ հավատան առաջնորդ քաղաքական գործչին, ով էլ այն լինի, թեկուզ հենց Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքական գործիչներին հավատալ պետք չէ, յուրաքանչյուրը պետք է հավատա իրեն, դա է հաղթանակի գրավականը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Դա հույժ կարեւոր հայտարարություն է, առավել եւս ապագայի տեսանկյունից: Հրապարակը վանկարկում է Նիկոլ, Նիկոլ, բայց աներկբա է, որ քաղաքական հաջողության արձանագրումից հետո սկսվելու է կառավարման համակարգում աշխատանքային բարդ ու ծանրագույն մի գործընթաց, որի պարագայում շատ դժվար է ասել, թե ժամանակի ընթացքում հրապարակում քանի Նիկոլ վանկարկող կմնա: Ընդհանրապես այդպիսին է հեղափոխություններին հաջորդող ժամանակաշրջանի պատմական օրինաչափությունը, լինեն դրանք կոշտ, թե թավշյա հեղափոխություններ:
Բայց խնդիրն անշուշտ այն չէ, որ Նիկոլ վանկարկողները կարող են նվազել՝ արագ եւ նույնքան հեղափոխական փոփոխությունների ակնկալիքները չարդարանալուն զուգահեռ: Իսկ գործընթացի եւ արդյունքի տեմպն ու թափը բացարձակապես չի կարող մնալ նույնը:
Խնդիրն այն է, որ հասարակությունն այդ ամենի հետեւանքով կարող է կորցնել ամենակարեւորը, որ ձեռք է բերել՝ հաղթողի եւ դրության տիրոջ, պետության տիրոջ հոգեբանությունը:
Դա է ներկայիս ամենակարեւոր ձեռքբերումը, իսկ քաղաքական արդյունքները խոշոր հաշվով ածանցյալ են:
Ու դա է նաեւ Հայաստանում իրավիճակի փոփոխության գործում Նիկոլ Փաշինյանի արձանագրած հաջողության առանցքային նախադրյալը: Նա խաղը կամ գործընթացը կառուցեց քաղաքացու ինքնագնահատականի բարձրացման, քաղաքացու ինքնահաստատման եւ ինքնավստահության ներուժի վրա, ոչ թե ունկնդրային հպատակության:
Նա քաղաքացիներին ոչ թե կանչեց իրեն լսելու եւ արգելեց տալ ավելորդ հարցեր, ասելով, թե ինքը գիտե ինչ է անում, իսկ նրանց գործը միայն կանգնել ու լսելն է, այլ կանչեց գործ անելու, մասնակցելու գործին, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ուներ իր դերը, իր անելիքը, իր քայլը եւ այդ քայլի համար իր պատասխանատվությունը:
Դա է, որ քաղաքացուն բերեց փողոց եւ հրապարակ՝ աշխատանքի եւ իրավիճակ փոխելու շատ կոնկրետ առաջարկը, որտեղ մարդիկ ամեն հաջորդ պահին տեսնելով, որ իրավիճակ են կարողանում փոխել, համակվում էին ավելի մեծ ինքնավստահությամբ:
Ադ զգացման եւ գիտակցման պահպանումը, ինստիտուցիոնալացումն է լինելու հնարավոր հակահեղափոխությունը մերժելու, արգելափակելու գրավականը:
Քաղաքական գործիչներին պետք է միշտ կասկածել, անընդհատ կասկածել, որպեսզի նրանք էլ անընդհատ ստիպված լինեն պատասխան տալ հանրությանը, չկարողանան վայրկյան իսկ դուրս գալ այդ ռեժիմից: Դա է քաղաքականությունը հանրությանը ծառայեցնելու գրավականը: Ընդ որում, եթե քաղաքական գործիչը պատասխանատու է եւ մտածողությամբ համարժեք, հանրային կասկածը նրան միայն ու միայն ուժեղացնում է: Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նաեւ հորդորում, որ հանրության յուրաքանչյուր անդամ հավատա ինքն իրեն, ոչ թե Փաշինյանին:
Դա է լինելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ուժը, որովհետեւ նրան սպասում է իսկապես չափազանց բարդ ու տեւական աշխատանք ու համառ պայքար համակարգի դեմ: Համակարգը ամենեւին չի հեռացել, եւ նույնիսկ չի էլ դիմադրել սկզբունքորեն: Համակարգը ընդամենն անցնում է թավշյա հեղափոխության դեմ «պարտիզանական» դիմադրության, եւ այստեղ է, որ հանրությունը պետք է իրենից բացի ոչ մեկին չհավատալով օգնի եւ պատասխանատվության տակ պահի Նիկոլին, այդպիսով տեր լինելով իր ձեռքբերմանը:
Իհարկե, այստեղ արդեն շատ կարեւոր է դառնում, թե ինչպե՞ս պետք է դրսեւորվի հանրության յուրաքանչյուր անդամի ինքն իր հանդեպ հավատը նոր փուլում, երբ այլեւս չկա մինչ այժմ կիրառվող մարտավարության կարիքը: Դա պետք է արտահայտվի ամեն վայրկյան նույն գործին անցնելու պատրաստակամությա՞մբ, թե՞ նոր փուլում դերակատարությունը պահելու եւ մասնակցից ունկնդրի չվերածվելու խնդրի առնչությամբ լուծումներով: Այստեղ հույժ կարեւոր է դառնում արդեն փողոց եւ հրապարակ դուրս եկած տարբեր ինտելեկտուալ շրջանակների դերակատարումը, այն իմաստով, թե որքանով նրանք կկարողանան կազմակերպվել արդեն նոր իրավիճակին համահունչ եւ համարժեք ֆորմատներով ու բովանդակությամբ: