Մշակութային մարդաբան Աղասի Թադեվոսյանը ներկայացրեց թավշյա հեղափոխության կարևոր կոնցեպտները։
«Քաղաքական շարժումներում մարդկանց դիտարկել են որպես ծավալ, որի միջոցով պետք էր ճնշել իշխանությանը, մարդիկ առանձնապես չէին կարող պատկերացնել, որ իրենք իշխանություն կրող սուբեկտներ են։ Այս շարժման տարբերությունն այն էր, որ իշխանության սուբեկտ հայտարարվեց առանձին վերցրած անհատը։ Ըստ էության ինչ էին ասում մարդիկ, ասում էին դուք մեր տերը չեք, դուք մեր ծառան եք, բարի եղեք ծառայեք մեզ»։
Հանրային պատասխանատվության էլեմենտները հասել են մարզեր, գյուղեր, մարդիկ փորձում են պատասխանատվության կանչել իրենց իսկ ընտրած պատգամավորներին, համայնքի ղեկավարներին։
Աղասի Թադեվոսյանը հիշեց Հակոբ Հակոբյանի կարտոֆիլի մասին հայտարարությունը. «Վարդենիկցի պատգամավորին մենք բոլորս հիշում ենք կարտոֆիլի մասին իր հանճարեղագույն դատողություններով։ Լինելով սոցիալական ապահովության հանձնաժողովի նախագահ, նա այնքան ցինիզմ ունեցավ, որ խոսի այն մասին, որ աղքատ մարդիկ միս չեն ուտում, էժան մթերքներ են ուտում, դե թանկացնենք՝ մեկ ա իրենք չեն սպառելու, եւ մարդիկ հասկացան, որ ինքը ոչինչ է»:
Աղասի Թադեվոսյանը առաջարկեց յուրաքանչյուր խոսք, որ հնչում է ՀՀԿ -ի կողմից, դիտարկել, թե որ տիրույթում է այն հնչում, ինչ նպատակ ունի։
«Բարոյականությունը բարու ու չարի տիրույթում է, եթե ուզում եք հասկանալ՝ որևէ արարք բարոյական է, թե ոչ, գնահատեք՝ այդ անձը բարի գործերի տիրույթում է, թե չար։ 20 տարի շարունակ չարիք պատճառած ՀՀԿ-ն օգտագործում է Էդուարդ Շարմազանովի դստերը պրոպագանդիստական նպատակով, որպեսզի մարդկանց մեջ կոտրեն այդ հանցագործ կուսակցության հանդեպ վճռականությունը, հակակրանքը, չարին հաղթելու կամքը»։