«Ելք» խմբակցության պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ։

Այսօր՝ մայիսի 8-ին Ազգային ժողովում կայացած հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42 պատգամավոր:

Թվատախտակի վրա կողմերի թիվը 58 էր, սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի կոճակը չի աշխատել, եւ նրա ձայնը գումարվում է կողմերին։

Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտենց եւ ասաց. «Ծառայում եմ ՀՀ ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Նշենք, որ առաջադրվել էր վարչապետի մեկ թեկնածու՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: ԱԺ «Ելք», «Ծառուկյան դաշինք» եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարել էին, թե կողմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությունը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ ՀՀԿ-ն դեմ է, սակայն հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, 10+1 պատգամավորներ կողմ են քվեարկելու։

Կենսագրություն

Նիկոլ Վովայի Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջեւանում:

1991թ. ընդունվել եւ 1995թ. լրագրողական գործունեության պատճառով հեռացվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից (ժուռնալիստիկայի բաժին):

1994-1995թթ. եղել է «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» օրաթերթերի լրագրող, 1998-1999թթ.՝ «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1999-2012թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր:

2006թ. եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2007թ. ընդգրկվել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակում (1-ին համար): 2008թ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

2015թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀԱԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների անդամ:

14.09.2012-07.03.2013թթ.՝ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2018թ. մայիսի 8-ին ընտրվել է ՀՀ վարչապետ։

Ամուսնացած է, ունի չորս զավակ: