Նիկոլ Փաշինյանն արդեն նշանակել է կառավարության գրեթե կեսը՝ փոխվարչապետներ ու նախարարներ, ինչպես նաեւ ոստիկանության ու ԱԱԾ պետերին: Այսօր ըստ ամենայնի նշանակումները կշարունակվեն, «ազատ» տեղերը թերեւս նախատեսված են ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի համար:
Նշանակումները հակասական են, ինչը շատերը բացատրում են նրանով, որ ՔՊ-ն կադրային բազա չունի: Օրինակ, Նիկոլը Ելք դաշինքի գրեթե բոլոր պատգամավորներին նշանակել է կառավարությունում: Շատերը նշում են նաեւ, որ նորանշանակ պաշտոնյաները չունեն փորձ:
Միեւնույն ժամանակ, ընդհանուր գնահատակն է, այն, որ հանրությունը վերջապես ազատվեց տարիներ շարունակ նույն հոգնած ու տհաճ դեմքերից: Փոխարենը եկել են երիտասարդ, եռանդուն մարդիկ, ինչը համահունչ է ներկայիս իրավիճակին:
Խնդիրն իհարկե տարիքն ու փորձը չեն, այլ գործունեության մոտիվացիան, եւ նոր կառավարության գնահատականը լինելու է հենց այս կտրվածքով:
Սկանդալային էր Վալերի Օսիպյանի նշանակումը: Նիկոլը դա հիմնավորեց նրանով, որ Օսիպյանն ու քաղհանրությունը միշտ եղել են բարիկադների հակառակ կողմերում, եւ այս նշանակումով դա վերանում է: Բացի այդ, Օսիպյանը կլանի անդամ չէ ու կոռումպացված չէ:
Սակայն մի շարք նշանակումներ, մասնավորապես Դավիթ Տոնոյանի նշանակումը Պաշտպանության նախարարի եւ հատկապես Զոհրաբ Մնացականյանի նշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում բավական դրական արձագանք են ունեցել:
Ելքի ու մասնավորապես ՔՊ անդամները լիովին նոր են կառավարությունում եւ դրսեւորվելու մեծ ասպարեզ ունեն:
Այսօր թերեւս կնշանակվեն նախարարներ ՀՅԴ-ից ու Ծառուկյան դաշինքից, ինչը կարող է քիչ ինչ «գցել» նոր կառավարության տեսքը, հաշվի առնելով, որ այս երկու ուժերը նախկին համակարգից են եւ մասնակից են եղել այն ամենին, ինչն արել է ՀՀԿ-ն Հայաստանի ու հայ ժողովրդի հետ:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am