Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ՝ Գյուղատնտեսության նախարար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ նշելով, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այս կառավարությունում ունենալու է 2 պորտֆել:

Հարցին, թե Դաշնակցությունն ունենալո՞ւ է մարզպետների կամ փոխնախարարների պաշտոններ, Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Քաղաքական պայմանավորվածությունն այս փուլում բացառապես վերաբերում է կառավարության կազմին: Այս փուլում այլ հարցեր չեն քննարկվել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին օրերին արդեն իսկ նախարարներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակվել: Մասնավորապես, ՀՀ առաջին փոխվարչապետ է նշանակվել Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյանը, Կրթության եւ գիտության նախարար՝ Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը, Սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյանը:

Բացի այդ, ՀՀ ոստիկանապետ է նշանակվել Վալերի Օսիպյանը, իսկ ԱԱԾ տնօրեն՝ Արթուր Վանեցյանը: