Lragir.am-գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է իտալական Ռենկո ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Փաշինյանն ու Ռուբինին խոսել են Երեւանի ՋԷԿ հարակից տարածքում նոր, արդիական ջերմաէլեկտրակայան կառուցելու ներդրումային ծրագրի իրականացման մասին: Ռենկո ընկերության տնօրենն ասել է, որ պատրաստ են շատ արագ սկսել ծրագրի իրականացումը, որը ենթադրում է մոտ 300 միլիոն դոլարի ներդրում, շինարարության ընթացքում 1000 աշխատատեղի ստեղծում եւ նոր, ցածր ինքնարժեքով ջերմաէլեկտրակայանի կառուցում:
Փաստացի, Ռենկոյի ծրագիրը կլինի թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում, նոր Հայաստանում, նոր կառավարության գործունեության ընթացքում առաջին խոշոր ներդրումը:
Անշուշտ, հարկ է արձանագրել, որ Ռենկոյի այդ մտադրությունն ու ծրագիրը նոր չէ եւ դրա մասին ընկերությունը հայտարարել է դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, որի հետ էլ քննարկել էին ծրագիրը:
Ռենկոյի գլխավոր գործադիր տնօրենը նոր վարչապետին հայտնել է ոչ թե նոր մտադրության, այլ նախկին մտադրությունից չհրաժարվելու, դրա իրականացմանը հնարավորինս արագ ձեռնամուխ լինելու պատրաստակամության մասին:
Դա իհարկե այդպես է, սակայն այդ հանգամանքը չի փոխում 300 միլիոն ներդրման դե ֆակտո «առաջին» լինելու խորքային նշանակությունը: Բանն այն է, որ խոսքը վերաբերում է հեղինակավոր ընկերության, որը Հայաստանում նախկինում էլ իրականացրել է խոշոր շինարարական նախագծեր: Երբ միջազգային այդ ընկերության գլխավոր գործադիր տնօրենը նոր իրավիճակում, ընդհուպ ներկայումս շատ խոսվող այսպես ասած խորհրդարան-կառավարություն հարաբերակցության դե յուրե ռիսկերի պարագայում հանդիպում է վարչապետի հետ եւ վերհաստատում հնարավորինս արագ խոշոր ներդրումային ծրագրի իրականացմանն անցնելու մտադրությունը եւ պատրաստակամությունը, ապա դա էական ազդակ է թե բիզնեսին, ներդրողներին, թե հանրությանը:
Խոսքը 300 միլիոն դոլարի մասին է եւ հեղինակավոր, բազմափորձ ընկերությունը ներկայիս իրավիճակում չի տեսնում այդ արժեքն ունեցող ներդրումային ծրագրի ռիսկ, տեսնում է հեռանկար:
Դա ընդհուպ քաղաքական նշանակության ազդակ է, որն ինքնին կարեւոր լինելուց բացի, հատկապես նշանակալից է վերջին օրերին գեներացվող տագնապի ազդակների ֆոնին, որ գալիս են հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներից՝ խիստ վտանգավոր, ապակայունացման մեծ ռիսկ պարունակող, անկառավարելիության վտանգ պարունակող իրադրության մասին:
Վտանգներ ու ռիսկեր կան եւ լինելու են բոլոր իրավիճակներում, եւ թերեւս բոլոր պետություններում: Քաղաքականությունն էլ, հեղափոխությունն էլ անխուսափելիորեն եւ մշտապես ուղեկցվում է վտանգներով ու ռիսկերով, եւ խոշոր հաշվով հաղթում են այն ուժերը, որոնք լինում են վտանգները չեզոքացնելու եւ հնարավորությունները օգտագործելու հարցում կենսունակ ու մրցունակ:
Ըստ այդմ, գլխավոր խնդիրը հանրությանը տրվող ազդակներն են, որոնցով քաղաքացիներին, հանրային շերտերին պահում են կամ խուճապի եւ վախի մթնոլորտում, սնելով թերարժեքության բարդույթով եւ անզորության զգացումով, կամ քաղաքացիներին հաղորդում են սեփական ուժերի հանդեպ վստահություն, գեներացնում են սեփական պայքարի արդյունքում ձեռք բերած հաղթանակի էներգիան, ապահովում ստեղծագործական եւ կամային ներուժի դրսեւորման նոր դաշտ:
Ռենկոյի ներդրումային մտադրության վերհաստատումը հենց այդ՝ երկրորդ իմաստն ու նշանակությունը ենթադրող ազդակն է հանրությանը, նոր իրավիճակում արժեքավոր լինելով թե զուտ տնտեսական, թե նաեւ հանրային-քաղաքական կարեւոր կշռով ու նշանակությամբ:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am