ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ վերջին նստաշրջանի ընթացքում, երբ քննարկվում էր Կենտրոնական Բանկի (ԿԲ) 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, իմ ելույթում, անդրադառնալով ԿԲ բարեփոխման խնդրին, նշեցի, մասնավորապես, կարգավորման ու վերահսկողության գործառույթների տարանջատման պարագան։ Ասել կուզի, ԿԲ-ն իրավունք չունի և՛ կարգավորելու (սահմանելու տնտեսական նորմատիվներ առևտրական բանկերի համար), և վերահսկելու (հսկելու իր իսկ սահմանած նորմատիվները)։ Նշեցի նաև, որ դա նույնն է, ինչ շինարարության ոլորտում պատվիրատուի և կապալառուի միևնույն դեմքով հանդես գալը։ ԿԲ նախագահ Ա.Ջավադյանը այդ կապակցությամբ հայտարարեց, որ դա հնացած մոտեցում է, որ հիմա աշխարհում դրանից հրաժարվում են, Անգլիայում դրանից նույնպես հրաժարվեցին, իսկ Ռուսաստանը փորձեց, տեսավ լավ չի, բան չի ստացվում ու ինքն էլ հրաժարվեց։ Պարզապես հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, ԿԲ նախագահը ԱԺ ամբիոնից, մեղմ ասած, ճիշտը չէր ասում։ Նախ, դա հնացած չէ։ Նույն ԱՄՆ-ում ավանդների ապահովագրության դաշնային ծառայությունը միայն այս վերջին ճգնաժամի ընթացքում ստացավ բանկերի վերահսկողության գործառույթները։ երկրորդ, Անգլիայում վերահսկողության գործառույթներն իրականացնում է համապատասխան ֆինանսական ծառայությունը, որը Անգլիայի բանկի հետ կապ չունի։ Այսինքն այստեղ ևս բանկային կարգավորման և վերահսկողության գործառույթները առանձնացված են։ Վերջապես Ռուսաստանի մասով։ Այս կապակցությամբ ես ոչինչ չէի ասել։ ԿԲ նախագահն ասաց, որ Ռուսաստանում վերահսկողությունն ու կարգավորումն առանձնացրին, բայց հետո հրաժարվեցին։ Սա էլ է սուտ։ Ռուսաստանը երբեք այդ գործառույթները չի էլ առանձնացրել։ 2009-ին այդ մասին ինձ անձամբ ասել է ավանդների երաշխավորության հիմնադրամի ղեկավարը։ Նա գտնում էր, որ Ռուսաստանում դա պետք չէ անել։ Սա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանում առևտրային բանկերի ակտիվների կեսից ավելին պետական են։ Այսինքն, Ռուսաստանը երբեք չի էլ փորձել առանձնացնել այդ գործառույթները։ Այ երբ այստեղ էլ բանկերը կմասնավորեցնեն (ծավալի առումով), բնական է, այդ գործառույթները կառանձնացնեն»։